
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հուլիսի 25-ի երեկոյան Երևանում տեղացել է հորդառատ անձրև, 20 րոպեում կրկնակի ավել տեղում է եղել, քան մեկ ամսվա նորման էր։
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ հավելելով, որ նման ինտենսիվ անձրևների պայմաններում որքան էլ թողունակ և գործարկման ենթակա լինի համակարգը, չէր կարող ընդունել անձրևի այդ ամբողջ ծավալը։
«Հեղեղվել էին փողոցներ, մայթեր, ստորգետնյա տրանսպորտային հանգույցների հատվածներ: Անձրևի դադարից մոտ 15 րոպե անց ջրակուտակումները հիմնականում արդեն վերացված էին, սակայն ընդհանուր առմամբ քաղաքում գրանցվել է շուրջ 20 միջադեպ:
Հաղթանակ կամրջի, Քրիստափորի, Բաբաջանյան-Իսակով հատվածներում և Օրբելիի ու Գյուրջյանի փողոցներում կոյուղագծերի անբավարարության պատճառով տեղումներ էին դուրս հոսել փողոցներ։ Բացի ջրային խնդիրներից՝ արձանագրվել է նաև 15 ծառի տապալման, 25 էլեկտրական վթարի, ինչպես նաև տանիքների ու ջրհորդանների վնասման դեպքեր»,-մանրամասնել է Արեյանը:
Նա նաև հայտնել է, որ ամբողջ քաղաքում գույքագրվել են հեղեղատար համակարգ չունեցող հատվածները:
«Դրանք 50 հասցեում են, և այժմ արդեն պատրաստ են նախագծանախահաշվային փաթեթները։ Ծրագրի ամբողջական ծավալը գնահատվում է մոտ 10.1 միլիարդ դրամ, իսկ իրականացվելիք աշխատանքների երկարությունը՝ շուրջ 52 կմ։
Այս պահին մրցույթ է հայտարարված արդեն երկու առաջնահերթ հատվածի վերակառուցման համար Սեբաստիա-Բագրատունյաց և Բագրատունյաց-Թամանյան հատվածներում։ Նպատակը՝ մինչև տարեվերջ ավարտել այդ օբյեկտները»,- նշել է Կամո Արեյանը։