
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հուլիսի 30-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարության խորհրդարանական քարտուղար Արտյոմս Ուրսուլսկիսի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Լատվիա երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան և ընդգծել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով հետագա համագործակցության խորացման հեռանկարները:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունումից հետո Հայաստանի կառավարության կողմից իրականացվող գործողությունները, մտքեր են փոխանակվել հաջորդ տարի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի վերաբերյալ: Շեշտվել է նաև Հայաստանի ու Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների ձևաչափով հետագա երկխոսության կարևորությունը:
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրների վերաբերյալ: Վահան Կոստանյանը զրուցակցին ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները: