Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ամերիկյան Համալսարանի նորանշանակ դեկանի տեղակալ, ՀՀԿ նախընտրական ցուցակի անդամ Վահրամ Տեր-Մաթևոսյանը սեփական դեմքով չի արձագանքում հրապարակային խոսակցության հրավերին։ Փոխարենը արձագանքում են սերժական բլոգերները՝ իրենց բնորոշ մակարդակի սահմաններում։

Բանն այն է, որ Վահրամ Տեր-Մաթևոսյանը 2025 թվականի գարնանը իր նշանակվելուց հետո (սակայն մինչև նշանակման պաշտոնական հաստատումը) առաջին որոշումը, որ կայացրել է, ինձ աշխատանքից ազատելն է եղել։ Որոշումը կայացնելուց հետո հիմնավորումների փնտրտուքի արդյունքում Տեր-Մաթևոսյանը որոշել էր ինձ մեղադրել լսարանում քաղաքական քարոզչությամբ զբաղվելու մեջ՝ գտնելով 2023-2024 ուսումնական տարում ուսանողներից մեկի արձագանքը։

Բնականաբար, այդ անհեթեթության հետ չհամաձայնելով, ես վիճարկել եմ այդ որոշումը, և համալսարանի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ կազմվել է միջազգային փորձագիտական փաստահավաք խումբ՝ այս դեպքը ուսումնասիրելու համար։

Խմբի կազմում են եղել ՀԱՀ հոգաբարձուների խորհրդի, Սանտա Կրուզի Կալիֆորնիայի համալսարանի, Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանի բարձրաստիճան պաշտոնյաներ:

Փաստահավաք ուսումնասիրությունից հետո հունիսի 18-ին ստացել եմ խմբի եզարակացությունը։ Ընդարձակ եզրակացության մեջ, ի թիվս այլ առաջարկների, Խումբը առաջարկում է Վահրամ Տեր-Մաթևոսյանին վերապատրաստվել կառավարչական ոլորտում, և վերականգնել իմ աշխատանքը, քանի դեռ համալսարանի ընթացիկ խնդիրները լուծված չեն։

Ավելորդ է ասել, որ դոկտոր Տեր-Մաթևոսյանը չի վերապատրաստվել, ես էլ, ինչպես գիտեք, չեմ վերականգնվել:)

Հրավիրում եմ պարոն Տեր-Մաթևոսյանին կամ համալսարանի ցանկացած ներկայացուցչի, ով պատրաստ է մտնել այս պատմության պատասխանատվության տակ, հրապարակային բանավեճի։

Հ․ Գ․ Հիշեցնեմ, որ մինչ այս պահը Համալսարանը իր դասախոսական կազմի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներից ոչ մեկի անունը չի հրապարակել։

Կցում եմ Փաստահավաք խմբի եզրակացության վերջին երկու կետերի հայերեն և անգլերեն տարբերակները։

178