
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 93,000 հազար դրամ կհատկացվի ԿԳՄՍ նախարարությանը՝ Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աստվածաբանական և ձեռագրագիտական բացառիկ արժեք հանդիսացող ձեռագիրը գնելու և Մատենադարան տեղափոխելու համար: Ըստ հիմնավորման՝ Մատենադարանը նախաձեռնել է քննական բնագրի կազմության աշխատանքները, և սույն մատյանը էապես նպաստելու է նաև գիտական հետազոտության լիարժեքությանը և ժամանակակից էկումենիկ երկխոսության ընթացքում հայ եկեղեցու ամուր դիրքավորմանը: Ձեռագիրը նաև կդառնա տարաբնույթ ուսումնասիրությունների կարևոր աղբյուր, քանի որ այս ժամանակաշրջանից պահպանված հայերեն ձեռագրերի քանակը սակավաթիվ է, և յուրաքանչյուր ձեռագրական միավոր բացառիկ նշանակություն ունի: Հիմնավորման համաձայն՝ ամիսներ առաջ INLIBRIS Gilhofer Nfg ավստրիական հին և հազվագյուտ գրքերի ու ձեռագրերի մասնագիտացված ընկերությունը աճուրդի էր ներկայացրել բացառիկ աստվածաբանական և ձեռագրագիտական արժեք՝ 12-րդ դարի մեծագույն գործիչ Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աշխատությունը (ձեռագիրը թվագրվում է 13-րդ դարով): Բանակցությունները ձեռագրի արժեքի շուրջ տևել են ամիսներ: Արդյունքում՝ արժեքը նվազեցվել է՝ հասնելով 200,000 եվրոյի, որը ՀՀ դրամով կազմում է շուրջ 93,000 հազար դրամ: Այն պայմանավորված է նաև սեփականատերերի՝ ձեռագիրը Մատենադարանին հանձնելու մեծ ցանկությամբ: