
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Arca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը:
«Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև մասնագետներ են հրավիրել, որպեսզի հասկանան, թե ինչով է դա պայմանավորված եղել»,-ասաց Նուրբեկյանը:
ԿԲ փոխնախագահը կարևորեց պատճառը հստակեցնելը՝ ապագայում նման դեպքերի կրկնությունը բացառելու համար:
«Կենտրոնական բանկը, անկախ Arca-ի հայտարարություններից, իր վերահսկողության շրջանակներում դեռևս 2022 թվականից ունի վերահսկողական որոշակի ռեկոմենդացիաներ անընդհատության տեսանկյունից և հետամուտ է լինելու, որ դրանք կատարվեն: Մեծ մասը կատարվել է, որոշակի բաներ կան, որոնց ուղղությամբ պետք է Arca-ի հետ աշխատենք, որ շարունակի կատարել»,-ասաց ԿԲ փոխնախագահը:
Նա ընդգծեց՝ Հայաստանում անկանխիկի ծավալներն անգամներով աճել են, բնականաբար, համակարգերի ծանրաբեռնվածությունը ևս աճել է:
«Մինչև այս պահը համակարգային առումով չէինք տեսել էական խափանումներ, հիմա վերահսկողական տեսանկյունից ամբողջությամբ ուշադրության կենտրոնում կպահենք, որ համոզված լինենք, որ այսպիսի ռիսկերը կառավարելի են»,-նշեց Նուրբեկյանը:
Նա հիշեցրեց՝ ամբողջ աշխարհում՝ անգամ շատ զարգացած երկրներում, համակարգերը խափանվում են: Խնդիրն այն է եղել, որ այդ խափանումը երկար է տևել:
«Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ խափանումները լինեն ավելի կառավարելի: Դա խնդիր է, որ պետք է լուծենք»,-շեշտեց Նուրբեկյանը:
Ավելի վաղ Arca-ից հայտարարությամբ պարզաբանել էին, որ 2025թ․ հուլիսի 23-ի 10։05-16։50 ընկած ժամանակահատվածում արձանագրված խափանումը առաջացել է հավաստագրման համակարգի թարմացման տեղադրումից որոշ ժամանակ անց և պայմանավորված է եղել տեխնիկական բնույթի խոչընդոտներով։ 2025թ․ հուլիսի 29-ին ժամը 11:46-ից մինչև 15։25 ևս արձանագրվել է խափանում նույն պատճառով, որը ժամանակավորապես ազդել է ընկերության կողմից մատուցվող բոլոր տեսակի ծառայությունների հասանելիության վրա։ Խնդիրը վերացվել է նույն օրը՝ ընկերության և մատակարար կազմակերպության մասնագետների ներգրավմամբ իրականացված շտապ գործողությունների արդյունքում։