Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԶԾ-ի երկարամյա՝ ավելի քան երկու տասնամյակ ձգվող համագործակցությունը, ընթացիկ ծրագրերի իրականացումը և առաջիկա նախաձեռնությունները։

Այս տարիների ընթացքում համատեղ աշխատանքը նշանակալի ներդրում է ունեցել Հայաստանի միջազգային բնապահպանական կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների կատարման գործում, ինչպես նաև նպաստել է ազգային օրենսդրության և կառավարման համակարգերի կատարելագործմանը։

Անդրադարձել ենք համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին, գույքագրված խնդիրների լուծման ուղիներին, ինչպես նաև՝ Կլիմայի մասին օրենքի մշակման գործընթացին։

Առանձին քննարկել ենք «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրը և դրա շարունակականության ապահովման ուղիները։

Հանդիպման ընթացքում գործընկերներին եմ ներկայացրել 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք COP17 համաժողովի կազմակերպչական աշխատանքները, դիտարկել ենք ՄԱԶԾ-ի հնարավոր աջակցությունը՝ ներառյալ տեխնիկական խորհրդատվության տրամադրում, ֆինանսավորման աղբյուրների որոնում և փորձագիտական ներուժի ներգրավում։

Մեր համագործակցությունը ՄԱԶԾ-ի հետ շարունակելու ենք նույն եռանդով՝ նպատակ ունենալով ամրապնդել Հայաստանի դիրքերը միջազգային բնապահպանական համագործակցության հարթակներում»,- ասված է հաղորդագրության մեջ։

86