Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիական France 24 հեռուստաալիքը հերքել է կեղծ էջերով տարածված լուրը, թե Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը իբր 3.4 միլիոն դոլար է յուրացրել քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մարդկանց աջակցելու համար ստեղծված «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամից։ 

France 24-ը թեմային անդրադարձել է այն լույսի ներքո, որ այն կայքը, որը տարածել է այդ լուրը, հոդվածներ է հրապարակել France 24-ի լրագրողների անունները օգտագործելով։ Հեռուստաընկերությունը շեշտում է, որ ՀՀ վարչապետի տիկնոջ մասին կեղծ հոդվածի հրապարակումից մեկ օր առաջ՝ օգոստոսի 12-ին ստեղծված  Euleaks կայքը ընդհանուր առմամբ իր հոդվածներում  օգտագործել է France 24-ի 6 լրագրողի անուն, որոնք, սակայն որևէ կապ չունեն այդ կայքի հետ։ Մասնավորապես, նշվում է, որ Աննա Հակոբյանի մասին կեղծ լուրը հրապարակվել է France 24-ի նախկին լրագրող Ջեյմս Կրիդոնի անունից։ 

France 24-ն ընդգծում է, որ Euleaks կայքը կեղծ լրատվական հարթակ է, որը ստեղծվել է բոլորովին վերջերս։ Ըստ հեռուստաընկերության՝ այդ կայքի դոմեյնի տվյալները ցույց են տալիս, որ այն բացվել է օգոստոսի 12-ին՝ ՀՀ վարչապետի տիկնոջ մասին կեղծ հոդվածի հրապարակումից մեկ օր առաջ։ Նշվում է, որ այդ կայքում հրապարակվել են միջազգային նորությունների տասնյակ հոդվածներ անգլերենով, որոնք, ամենայն հավանականությամբ, ստեղծվել են արհեստական բանականության միջոցով։ 

Ֆրանսիական հեռուստաընկերությունը նաև կապ է հաստատել Transparency International կազմակերպության հայկական մասնաճյուղի հետ, որտեղից նշել են, որ ՀՀ վարչապետի տիկնոջ մասին հոդվածում ներկայացված պնդումները հաստատող որևէ տեղեկություն չունեն։

Euleaks կայքը այսպես կոչված կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ իր պնդումները վերագրել է փաստաբան Սերգեյ Հարությունյանին, որը, սակայն, ավելի ուշ պարզաբանմամբ է հանդես եկել ու հայտարարել, որ ինքը երբևէ չի արել նման հայտարարություններ, որոնք իրեն վերագրել է այդ կայքը։ 

Ֆրանսիական հեռուստաալիքը եզրակացնում է, որ վերը նշված հոդվածը Հայաստանի դեմ տեղեկատվական արշավի հերթական դրսևորումներից է՝ հիշեցնելով, որ վերջերս Courrier France 24 կեղծ կայքը տեղեկատվություն էր տարածել, թե իբր Ֆրանսիան պատրաստվում է միջուկային թափոններ տեղափոխել Հայաստան։ 

204