Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նոր ուսումնական տարվան ընդառաջ տեղի է ունեցել օգոստոսյան խորհրդակցություն Շիրակի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների ու վարչատնտեսական համակարգողների մասնակցությամբ։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Խորհրդակցությունը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ներկա են եղել Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, Շիրակի մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուներ։

Մինչ խորհրդակցությունը ներկաները ծանոթացել են «Կրթական էքսպո» ցուցահանդեսում Շիրակի մարզի դպրոցների աշակերտների՝ նախորդ ուստարում տարբեր առարկաներից ներկայացված լավագույն նախագծային աշխատանքներին։ Նախագծային աշխատանքներ են ներկայացրել 17 դպրոցներ։

Աշխատանքային քննարկումը մեկնարկել է Շիրակի մարզի մի շարք դպրոցների տնօրենների ու մանկավարժների՝ նախորդ ուսումնական տարվա ընթացքում «Ամսվա լավագույնները» մրցույթում հաղթելու համար ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրերի հանձմամբ։

Ամփոփելով անցած ուստարվա արդյունքները՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ Շիրակի մարզից բուհեր ընդունվելու համար դիմել է 1413 շրջանավարտ, քննություններին մասնակցել է 1384-ը, նրանցից 1040-ը՝ 75,1 տոկոսը, ընդունվել է բուհ, 261-ը՝ անվճար։

Խոհրդակցության ընթացքում Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է կրթության ոլորտում նախորդ տարի կատարված հիմնական աշխատանքներին, ինչպես նաև ոլորտի մի շարք հարցերի, որոնք առնչվում են ուսումնական գործընթացի կազմակերպման առանցքային խնդիրներին, նոր ուստարում հանրակրթության պետական չափորոշչի՝ 1-11-րդ դասարաններում ներդրմանը, դասագրքերին, ԲՏՃՄ լաբորատորիաների ներդրմանը և դրանց արդյունավետ կիրառմանը, 4-րդ և 9-րդ դասարաններում քննությունների նոր ձևաչափին, խմբակների և երկարօրյա ծառայության բարելավմանը, ուսուցիչների կամավոր ատեստավորմանը և տարակարգի տրամադրմանը, նախագծային աշխատանքների կազմակերպմանը, հաստատությունների ֆինանսավորման մոդելին, ուսուցիչների՝ կարիքի վրա հիմնված վերապատրաստումներին և այլն։

Կարևորելով հանրակրթության չափորոշի ներդրման շրջանակում իրականացվող աշխատանքները՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ հիմնական դպրոցի՝ 1-9-րդ դասարանների համար նոր դասագրքերը հիմնականում առկա են՝ բացառությամբ մեկ-երկու դասագրքի: Ավագ դասարաններում մի շարք առարկաների համար նոր դասագրքեր չեն ստեղծվել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ կա՛մ հայտեր չեն ներկայացվել, կա՛մ ներկայացված հայտերը փորձաքննության շեմը չեն հաղթահարել: Այդ դասագրքերի մրցույթները նորից են հայտարարվել: Իսկ 2025-2026 ուստարում նշված առարկաների դասավանդումը կկազմակերվի հին դասագրքերով և ուսումնական նյութերով:

Նշվել է նաև, որ նոր ուսումնական տարին մեկնարկում է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի» կարգախոսով: Առաջիկայում դպրոցները կստանան ուղեցույցներ՝ անվտանգ միջավայրի կազմակերպման վերաբերյալ:

Շիրակի մարզպետի աշխատակազմի և ԿԳՄՍ նախարարության պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություններ են անցկացվել նաև մարզի նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների ղեկավարների հետ։

144