Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ղեկավար Հենդրիկ Դամսը հայտարարել է, որ Բելառուսում նախագահական ընտրությունները չեն կարող համարվել ո՛չ ազատ, ո՛չ արդար, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

«Ես խորապես ցավում եմ, որ այս ընտրությունները հեռու են ազատ և արդար համարվելուց: <…> Անցյալ գիշերվա իրադարձությունները, ներառյալ ոստիկանության և զինվորականների կողմից ուժի գործադրումը և ցուցարարների կալանավորումը, խորացրին մտահոգություններս», – ասաց Դամսը:

Նա հիշեցրել է, որ Բելառուսը ԵԽ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել 1997-ին, բայց գործընթացը սառեցվել է ժողովրդավարության զարգացման և մրցակցային քաղաքական համակարգի առաջընթացի բացակայության պատճառով:

Բացի դրանից, Դամսը հանրապետության իշխանություններին կոչ է արել «մարդու հիմնարար իրավունքների և հավաքների ազատության անարգել պահպանում»՝ համաձայն Մինսկի ստանձնած միջազգային պարտավորությունների:

Օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվեցին նախագահական ընտրություններ: Ըստ նախնական արդյունքների, գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը 26 տարի ղեկավարում է երկիրը, հավաքեց ձայների ավելի քան 80%-ը: Ընդդիմությունը ընտրությունների արդյունքները չճանաչեց:

Հանրապետության մի շարք քաղաքներում տեղի են ունեցել չարտոնված բողոքներ ընտրատեղամասերում տեղի ունեցած կեղծիքների դեմ, որի ընթացքում ոստիկանությունը և ներքին զորքերի ստորաբաժանումները օգտագործել են արցունքաբեր գազ, ձայնային նռնակներ և ռետինե փամփուշտներ: Տուժել է ավելի քան 3 հազար մարդ:

296