Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը նոր հրապարակում է կատարել Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում՝ շնորհավորելով դժբախտ պատահարի զոհ դարձած իր կնոջ՝ Արիանա Կաոիլիի ծննդյան օրը:

«Տարիներ շարունակ այս օրը մի օր էր, որին ես շատ էի սպասում: Տեսնել Արիանայի ժպիտը, լսել, թե ինչպես է նա ուրախ ասում. «Դա իմ ծննդյան օրն է»: Տեսնել, թե ինչպես է նա փաթաթում իր նվերները և այս օրը յուրահատուկ դարձնել նրա համար: Վերջին տարիներին ես գրեթե չէի նշում իմ ծննդյան օրը: Մրցաշարեր, մարզումներ, միշտ ստացվում էր այնպես, որ այդ օրն ինձ համար մեծ նշանակություն չէր ունենում: Այսպիսով, մենք միշտ մեծ տոնակատարություն էինք անում դեկտեմբերի վերջին`սկսած Արիանայի ծննդյան օրվանից, և միշտ էլ ինչ-որ իմաստով զգում էի, որ դա նաև իմ ծննդյան օրն է:

Սիրելի Արիանա, ես օրհնված եմ Աստծուց, որ նա իմ կյանք բերեց Անիին, որը հարգում և հասկանում է, թե դու ինչ ես նշանակել ինձ համար այս աշխարհում: Մենք միշտ կհիշենք քեզ այն լավ բաների համար, որոնք թողել ես այս աշխարհում»,- գրել է Արոնյանը՝ կից տեղադրելով Արիանա Կաոիլիի լուսանկարը:

Արիանա Կաոիլին մարտի 14-ին վթարի էր ենթարկվել Երեւանում: Ժամը 23:50-ի սահմաններում, իր Lexus մակնիշի ավտոմեքենայով նա Սեբաստիա փողոցում բախվել էր «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը: Դրանից հետո նա մի քանի վիրահատության էր ենթարկվել, սակայն մարտի 30-ին Արիանայի սիրտը կանգ էր առել:

Արիանա Կաոիլին 33 տարեկան էր։ ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ էր, 2016 թվականից՝ Երևանում լույս տեսնող «Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը։ 2017 թվականի նոյեմբերի 21-ին Կարեն Կարապետյանը նրան նշանակել էր ՀՀ վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով։ Լևոն Արոնյանն ու Արիանա Կաոիլին ամուսնացել էին 2017թ.։

 

news.am

 

22 Դեկտեմբեր, 2020 10:45
196
; ;