Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սուրբ Հովհանավանք վանական համալիրի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Սիրելիներս, մեկ օր առաջ իմ էջով, իմ անունով մի հրապարակում արեցի՝ խոսելով մեր Մայր Եկեղեցու կյանքն ապականող զազրելի բարքերի և Եկեղեցու կանոնական կարգերի համաձայն դրանց լուծման և կարգավորման կառուցակարգերի անհրաժեշտության մասին։ Գրելուս պահից անցել է մեկ օր, և այս մեկ օրը ես անցկացրել եմ ոչ թե ցավի կամ սոսկ անհանգստության մեջ մաշվելով, այլ՝ աղոթքի և խոկման։ Աղոթքն ու խոկումը մեզ համար ոչ թե ձևական կամ չոր պարտականություններ են, այլ՝ առավել հանգիստ խղճով և առ Աստված ունեցած վստահությամբ ապրելու ուղիղ ճանապարհ։ Երբ մարդը բարձրաձայնում է ճշմարտությունը՝ հավատով, նա արդեն ազատված է. մնում է միայն Աստծո առաջ հաստատակամ կանգնել և յաղագս ամենայնի երիցս փառաբանել Տիրոջը։

Եվ սակայն, երեկվա իմ գրառման արձագանքը եղավ ոչ թե բաց երկխոսության կամ եղբայրական սրտագին հորդորների ձևով, այլ՝ զանգերով, լռեցման թաքուն ու նենգ փորձերով, անանուն ճնշումներով և սպառնալից ակնարկներով։ Ցավոք, սա դարձել է ընդունված գործելակերպ մեր Եկեղեցու ներսում։

Ցանկանում եմ հստակ ասել՝ ես չեմ վախեցել։ Ես լռել եմ։ Բայց այս լռությունս թող չշփոթվի հնազանդ լռության կամ հուսալքվածի լռության հետ։ Հիսուս լռեց Պիղատոսի առաջ՝ ոչ թե որովհետև չէր կարող խոսել, այլ որովհետև Նրա լռությունը խոսքի պես զորեղ էր։ Այդ լռությամբ Հիսուս դատեց մեկին, որի նուրբ մտքի թռիչքը պիտի սահմանափակվեր «իսկ ի՞նչ է ճշմարտությունը» հեգախառն թույնով...

Ես քահանա եմ, ծառա ոչ թե մի պաշտոնյայի կամ խմբակի, այլ՝ Բարձրյալ Աստծո և իմ ժողովրդի։ Երբ որևէ հեղինակություն, թեկուզ և բարձրագույն հոգևոր իշխանություն, փոխանակ հնչեցված հրապարակային մտահոգություններին պատասխանելու՝ փորձում է հեռակա ու անհետևանք ճնշումների միջոցով լռեցնել հոգևորականին, դա վկայում է ոչ թե ներքին կարգի կամ ընտանիքի խնդիրները «հրապարակայնացնելու» անթույլատրելիության մասին, այլ՝ համակարգային խորը ճաքերի։ Ես չեմ խոսել՝ աղմուկին իմ ձայնը միախառնելու համար, այլ խոսել եմ՝ լուծումներ լսելու ակնկալիքով։ Այո՛, երբ խոսքերն ավելորդ են, լռելը լավագույն ընտրությունն է։ Բայց սա չի նշանակում, թե կարգով բարձր եկեղեցականներին իրավունք է տրված խոսքը լռեցնելու մեթոդներով լուծումներ փնտրել։

Ցավոք՝ մեր Եկեղեցու ներսում այսօր կա եկեղեցա-իրավական՝ կանոնական բարձիթողիություն։ Մոռացության է տրված ոչ միայն սուրբ ժողովների կանոնների հեղինակությունը, այլև Սուրբ Գրքի Կենարար Խոսքը։ Եպիսկոպոսը գործում է ոչ թե որպես Հայր, այլ՝ որպես օրենսդիր, գործադիր, դատական մարմին։ Իսկ քահանային զլացվում է որպես հոտի հոգևոր հայր գործելու՝ ձեռնադրությամբ ստացած իրավունքը և գործնականում արտոնվում է միայն «հրահանգներ» կատարելը։ Այսպիսով քահանան վերածվում է ենթակայի, կամայական «կուսակրոնը»՝ վերադասի։ Այս իրավիճակը պետք է ստանա լուրջ գնահատական ոչ թե մեկ անհատի, այլ՝ ամբողջ հոգևոր կյանքի համար, քանի որ այսպես խաթարվում է այն ամենը, ինչն անվանում ենք Եկեղեցի՝ որպես Քրիստոսի Կենդանի Մարմին։

Ես խոսել եմ մի անգամ, այսօր էլ խոսում եմ բաց ճակատով։ Եվ կրկին ասում եմ՝ այդ խոսքը ոչ մեկի դեմ չէր և չէ, այլ հանուն միության, ճշմարտության և արդարության։

Իմ ծառայությունն այս հոտին չի կարող դադարել հեռախոսազանգերով կամ թաքուն եղանակներով տրված հրահանգներով։ Չկա և չի կարող լինել այդպիսի թեմական իշխանություն, որն ինձ բաժանի իմ համայնքից, քանի դեռ Եկեղեցու սրբազան ժողովների հաստատած կանոններով, արդար և թափանցիկ քննությամբ փաստված չէ իմ սայթաքումը կանոնական ուղուց։

Ես ծառայում եմ։ Եվ կշարունակեմ ծառայել։ Ոչ թե պաշտպանելու ինձ, այլ՝ պաշտպանելու այն կանթեղը, որ պիտի մշտավառ մնա նույնիսկ եթե մարդիկ փորձեն շիջուցանել այն։

Եկեղեցու բարեկարգության ճանապարհը սողալով և քծնելով չի հաղթահարվում։ Այն պատկանում է պարզճակատ և Աստծուն անվերապահորեն սիրող, հավատացող և կյանքի բոլոր պահերին հույսը միայն ՆՐԱ վրա դնող սրտապինդներին։

Շնորհակալություն բոլորիդ արձագանքների համար։

Աղոթում եմ բոլորիդ համար և ունեմ Ձեր բոլորի աղոթքի կարիքը։

Աղոթում եմ նույնիսկ բոլոր նրանց համար, ովքեր չեն աղոթում ինձ համար։

Հավատում եմ՝

Ճշմարտությունը հավիտենական է,

սուտը՝ ունի միայն մեռնող շնչառություն։

Խաղաղություն բոլորիդ։

271