
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«ՀԷՑ» ՓԲ ընկերությունը հայտնում է, որ ժամեր առաջ «Եռաբլուր» պանթեոնում էլեկտրամատակարարման խաթարման պատճառը տարածքը սնուցող օդային գծի վնասումն է:
«Հոսանքազրկումը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ 07:18-ի սահմաններում, սակայն դեպքի մասին «ՀԷՑ» ՓԲԸ-ի Կարգավարական ծառայությունը տեղեկացվել է միայն 10:12-ին:
Հայտնում ենք, որ թեպետ տարածքի անխափան էլեկտրասնուցման վերահսկողությունը վերապահված է այլ մարմինների, սակայն տեղեկատվությունը ստանալուն պես «Եռաբլուր» պանթեոնի տարածքում աշխատանքներ են իրականացնում «ՀԷՑ» Շենգավիթ շահագործման շրջանի օպերատիվ կարգավարական ծառայությունը, օդային գծի 2 բրիգադ, տեղում աշխատում է էլեկտրալաբորատորիա և հաղորդալարերի վերանորոգման 1 բրիգադ:
Վնասված հաղորդալարերի նախնական զննումից պարզ է դարձել, որ հոսանքազրկման պատճառ կարող է լինել արտաքին հնարավոր ներգործությունը:
Փաստի առնչությամբ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին:
Հայտնում ենք, որ այս պահի դրությամբ «Եռաբլուր» պանթեոնում էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնված է»,- ասվում է «ՀԷՑ» ՓԲԸ Հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի հրապարակած հաղորդագրության մեջ:
Նշենք՝ Եռաբլուրում ընթացել է ԼՂ նախկին ղեկավար կազմի մասնակցությամբ միջոցառում, որի ժամանակ հոսանքի բացակայությունը նրանք կապել են դիտավորության հետ: