
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո Կադաստրի կոմիտե ներկայացված եւ կազմված բոլոր փաստաթղթերը պահել միայն էլեկտրոնային եղանակով վարվող կադաստրային գործում:
Այս ասին ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 2-ի նիստում՝ ներկայացնելով վերոնշյալ օրենքի նախագիծը:
Բանախոսն ընդգծել է, որ օրինագծի ընդունման դեպքում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ծավալների մեծացմանը զուգահեռ, կկրճատվի թղթային արխիվների անհրաժեշտությունը:
Ներկայացված նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերում, համաձայն որի՝ անշարժ գույքի պետական ռեգիստր դիմելու համար որպես առաջնային եւ հիմնական տարբերակ դիտարկվում է անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգը, իսկ սպասարկման գրասենյակ այցելելը՝ որպես բացառություն օրենքով հստակ սահմանված դեպքերի համար: Սահմանվում է նաեւ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների, դրանց դադարեցման պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կադաստրի կոմիտեի թղթային տարբերակով ներկայացման եւ դրանք էլեկտրոնային տարբերակի վերածվելու կարգը:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: