Ոսկեվազի լավաշի արտադրամասում խախտումներ են արձանագրվել. գործունեությունը կասեցվել է

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Տիգրան Հակոբյանին պատկանող լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը (Արագածոտնի մարզ, համայնք Ոսկեվազ): Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
Հիմքը ՍԱՏՄ Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգման արդյունքներն են: Արձանագրվել է, որ լավաշի այդ արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի բազմաթիվ խախտումներով:
Մասնավորապես՝
- չեն բացառվել առաստաղների վրա կեղտի կուտակումները, մասնիկները թափվելու հնարավորությունը, արտադրական շինությունների մակերևույթին կոնդենսատի, բորբոսի առաջացումը.
- պատերի, դռների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից.
- չի կատարվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգում.
- բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր.
- բացակայել են բնական և մեխանիկական օդափոխության միջոցները.
- չի բացառվել կենդանիների, միջատների ներթափանցումը արտադրական տարածք.
- չի եղել հանդերձարան անձնակազմի համար:
Անհատ ձեռնարկատեր Տիգրան Հակոբյանին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և լավաշի արտադրամասը համապատասխանեցնել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:
11 Սեպտեմբեր, 2025 13:10
85