Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բացում է հոբելյանական 100-րդ համերգաշրջանը Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնով, որը կանցկացվի սեպտեմբերի 19-ից նոյեմբերի 2-ը: Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված միջոցառումների առանցքային իրադարձությունն է: ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ փառատոնի կազմակերպմանն աջակցել է նաև Երևանի քաղաքապետարանը։

Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը շուրջ երկու տասնամյակ մեր երկրի գլխավոր մշակութային իրադարձություններից մեկն է, որի գեղարվեստական ղեկավարներն են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը (Մեծ Բրիտանիա):

Սեպտեմբերի 19-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում փառատոնի և հոբելյանական 100-րդ համերգաշրջանի հանդիսավոր բացմանը ելույթ կունենա համաշխարհային հեղինակավոր բեմերը նվաճած, աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ հռչակավոր ֆինլանդացի դիրիժոր Պիետարի Ինկինենի ղեկավարությամբ: Ծրագրում կհնչեն Յան Սիբելիուսի Ջութակի կոնցերտը, «Ֆինլանդիա» սիմֆոնիկ պոեմը և Գուստավ Մալերի թիվ 1՝ «Տիտան» սիմֆոնիան:

Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնի կարևոր համերգներից է ՀՀ անկախության օրվան նվիրված համերգը, որը կանցկացվի սեպտեմբերի 20-ին: Համերգում որպես մենակատարներ հանդես կգան միջազգային հեղինակավոր բեմերում հանդես եկող սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը, սիրված դաշնակահար Արմեն Բաբախանյանը:

Մեր ժամանակների լավագույն աստղային տենորներից Վիտտորիո Գրիգոլոյի մասնակցությամբ գալա-համերգը տեղի կունենա «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում: «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգան աշխարհահռչակ ջութակահարներ Վիլդե Ֆրանգը, Բայբա Սկրիդեն, «Բորոդին» քառյակի ելույթով կնշվի քառյակի 80-ամյակը, կկայանա կոմպոզիտոր Արվո Պյարտի 90-ամյակին նվիրված հեղինակային համերգ` անվանի երաժիշտների՝ ջութակահար Անուշ Նիկողոսյանի, Հայկ Մելիքյանի մասնակցությամբ և հռչակավոր դիրիժոր Անդրեյ Բորեյկոյի ղեկավարությամբ:

Փառատոնի փակման համերգը կնշանավորվի մեկ այլ հայազգի վիրտուոզի՝ դաշնակահար Եվա Գևորգյանի ելույթով՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Կարևոր իրադարձություն է Երվանդ Երկանյանի՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի առիթով գրված սիմֆոնիկ «Ձոն»-ի համաշխարհային պրեմիերան: Երվանդ Երկանյանի փոխանցմամբ՝ Ազգային ֆիլհարմոնիկը կարևորագույն մշակութային ու քաղաքակրթական ձեռքբերում է մեր ազգի համար, և ամեն երկիր չէ, որ 100-ամյա նվագախումբ ունի, այն էլ՝ այսպիսի բարձր մակարդակի: Նա նպատակ է ունեցել այս սիմֆոնիկ «Ձոն»-ի միջոցով փոխանցել իր ողջ ուրախությունն ու հպարտությունը նվագախմբի 100-ամյակի կապակցությամբ: Բազմազան է նաև փառատոնի ծրագիրը. կհնչեն Մալերի, Ռիմսկի-Կարսակովի, Ռախմանինովի, Շոստակովիչի, Պրոկոֆևի, Խաչատրյանի, Բաբաջանյանի, Բարտոկի, Բրիտենի, Պյարտի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

66