Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի տրոլեյբուսային պարկը շուտով լիարժեք նորացվելու է։ Այս մասին սեպտեմբերի 18-ին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ներկայացնելով տրանսպորտային համակարգում իրականացվող առաջիկա խոշոր փոփոխությունները։

«Մենք ունենք արդեն կայացած մրցույթ, և 30 տրոլեյբուսներ արդեն ձեռք են բերվել։ Ավելացնենք նաև այն 45 նոր տրոլեյբուսները, որոնք ձեռք կբերվեն կառավարության աջակցությամբ, և կարող ենք փաստել, որ ամբողջությամբ թարմացնելու ենք մեր տրոլեյբուսային պարկը։ Այսինքն՝ Երևանում այլևս հին տրոլեյբուսներ չենք ունենալու»,- ասաց Ավինյանը։

Քաղաքապետը նշեց, որ ֆինանսական միջոցների տրամադրումից հետո ակնկալվում է, որ 45 նոր տրոլեյբուսները Երևան կհասնեն 2026 թվականի առաջին եռամսյակում։ Նոր տրանսպորտային միջոցները կգործեն ինչպես առկա, այնպես էլ նոր երթուղիներով։

«Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Ձեզ, պարոն վարչապետ, որովհետև սա Ձեր նախաձեռնությունն է։ Կցանկանայի նաև ֆիքսել, որ այս գնումով Երևանի տրոլեյբուսային պարկը ամբողջությամբ թարմացվում է»,- ընդգծեց Տիգրան Ավինյանը։

141