Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Անմիջապես արձագանքելով Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից (ՀՎԿԱԿ) ստացված հաղորդագրությանն այն մասին, որ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն է ընդունվել 12 անձ՝ սուր աղիքային վարակ ախտորոշմամբ, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է սկսել անհատ ձեռնարկատեր Սամվել Շահբազյանին պատկանող «Լավ-նա Շաուրմա» հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, փ․ Կոմիտաս 51), որտեղ սնվել են քաղաքացիները: Այս մասին հայտում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

Տեսչական մարմնի Արագ արձագանքման բաժնի և Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգման ընթացքում նմուշառում է կատարվել առկա հումքից, սննդամթերքից և հանձնվել լաբորատոր փորձաքննության: Նաև պարզվել է, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների կոպիտ խախտումներով:

Մասնավորապես՝

- սննդի կառույցը ապահովված չի եղել տաք ջրով,

- օդափոխության համակարգը գտնվել է կեղտոտ վիճակում,

- շինությունների պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,

- մուտքի դուռը բացվել է դեպի խոհանոցային տարածք և չի ունեցել միջատապաշտպան ցանց,

- սննդային թափոնների համար նախատեսված բեռնարկղը կառուցված չի եղել այնպես, որ հնարավոր լինի դրանք մաքրել և ախտահանել,

- սարքավորումները, գործիքները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման։

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։

Լաբորատոր հետազոտության արդյունքները կհրապարակվեն:

233