

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Արամ Խաչատրյան» համերգասրահում ՀՀ Անկախության օրվան ընդառաջ տեղի է ունեցել Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աստվածաբանական և ձեռագրագիտական բացառիկ արժեք ունեցող աշխատությունը Մատենադարանին ընծայաբերելու արարողությունը:
Միջոցառմանը ներկա է գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշել է, որ իր համար մեծ պատիվ է այսօր ներկա գտնվել այս արարողությանն այն արձանագրմամբ, որ շատ կարևոր մի մատյան հանգրվանելու է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում: «Սա վերջին տարիներին Կառավարության երկրորդ այսպիսի որոշումն է, իհարկե, Մատենադարանի միջնորդությամբ և հավաստիացմամբ, որ ձեռագիրն իսկապես ունի առանձնահատուկ նշանակություն։ Հասկանալիորեն, երբ այս նախադասությունը հնչում է, մենք չենք կարող երկար մտածել, և մեր մտածումները նրա մասին են, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա մեր ինքնության կարևորագույն հուշարձանների, մատյանների հանգրվանը, մենք առաջնորդվում ենք այն գաղափարաբանությամբ, որ մեր պետությունը մեր ինքնությունն է և մեր պետությունն է մեր ինքնությունը»,- ընդգծել է վարչապետը։
Երկրի ղեկավարի խոսքով՝ այսօրվա իրադարձությունն ուղիղ կապ ունի այդ հայեցակարգի իրականացման հետ, որովհետև ի սկզբանե, քրիստոնեության ընդունման ժամանակաշրջանում, դրանից առաջ, մեր պետությունն է պայմանավորել մեր ինքնությունը, բայց հետո մեր պատմության բոլորին հայտնի հանգամանքների բերումով՝ պետականության հանգման հետ մեր ինքնությունը, ըստ էության, սփռվել է ամբողջ աշխարհում։