Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ կառավարությունն արդեն կայացրել է ռազմավարական որոշում՝ Հայաստանի հաջորդ միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային տիպի։
«Մենք կայացրել ենք ռազմավարական որոշում, որ մեր հաջորդ միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային։ Մենք բազմակողմանի քննարկում ենք ունեցել և այդ որոշումը կայացրել ենք», – ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ այս պահին Հայաստանը բանակցում է հինգ տարբեր երկրների հետ՝ համապատասխան առաջարկներ ստանալու նպատակով․ «Մենք շատ թափանցիկ ասել ենք, որ այս պահին ուզում ենք ստանալ առաջարկներ։ Նման խոսակցություն ունենք ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Հարավային Կորեայի և Ֆրանսիայի հետ։ Այդ խոսակցությունները գործնական են»։
Վարչապետի խոսքով՝ միջուկային տեխնոլոգիա ունեցող բոլոր գործընկերներին Հայաստանի կողմը հարցրել է, արդյոք որևէ խնդիր կլինի, եթե քննարկումները տարվեն նաև այլ երկրների հետ։
«Մենք բոլորին հարցրել ենք՝ դուք կնեղսրտե՞ք, եթե այս թեման քննարկենք նաև մյուսների հետ։ Բոլորն ասել են՝ ոչ։ Խնդրում եմ, ոչ ոք սրա տակ աշխարհաքաղաքականություն չփնտրի։ Մենք ուզում ենք փոքր միջուկային ռեակտոր՝ առավել լավ գնով, առավել անվտանգ տեխնոլոգիայով և ներդրման հետգնման առավել կարճ ժամկետով»։