Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 7-ին իր ասուլիսի ընթացքում պնդել է, թե Մարտի 1-ի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը «այն մասին է, որ պետությունը բավարար ջանքեր չի գործադրել մահվան դեպքերը բացահայտելու վերաբերյալ»։
Քոչարյանը հիշեցրել է, որ ՄԻԵԴ-ում այդ հայցը ներկայացվել է իր պաշտոնավարման ավարտից տարիներ անց։
2008 թվականի փետրվարի 19-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրություններին հաջորդեցին Ազատության հրապարակում ընդդիմության մեծամասշտաբ բողոքի ակցիաները․ մարտի 1-ին՝ վաղ առավոտյան, ոստիկանությունը, բռնի ուժ գործադրելով, ցրեց Ազատության հրապարակում տեղակայված բողոքի ցույցի մասնակիցներին, ինչին հաջորդեցին բախումներ մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ հատկապես Մյասնիկյանի արձանի շրջակայքում։ Օրվա ընթացքում իրավիճակը սրվեց․ բախումների հետևանքով մայրաքաղաքի կենտրոնում սպանվեց 10 մարդ՝ 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։ Տասնյակ մարդիկ վիրավորվեցին, շատերը՝ ձերբակալվեցին։
2018 թվականի իշխանափոխությունից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ Մարտի 1-ի գործի քննությունը նոր թափ ստացավ։ Մեղադրանք առաջադրվեց այդ ժամանակվա բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ ներառյալ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։
Ավելի վաղ, «Փաստերի ստուգման հարթակն» ամփոփել էր 2025 թվականի սեպտեմբերին հրապարակված ՄԻԵԴ-ի վճիռը։
Ըստ այդմ, Դատարանի վճիռը վերաբերում էր ոչ միայն զոհերի՝ կյանքի իրավունքի խախտման առիթով արդյունավետ քննությանն ու արդար դատաքննության իրավունքին, այլ նաև արձանագրում էր պետության պատասխանատվությունը՝ նրանց կյանքի իրավունքի պաշտպանությունն արդյունավետ չիրականացնելու համար։
Արտապատկերումը՝ ՄԻԵԴ-ի վճռից:
Պետության պատասխանատվությունը՝ մահերի համար
ՄԻԵԴ-ը Մարտի 1-ի զոհերի մեծ մասի մահվան համար պատասխանատու է ճանաչել պետությանը՝ նշելով, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը՝ կյանքի իրավունքը։
Այսպես, Դատարանը հաստատել է պետության պատասխանատվությունը 7 զոհերի համար՝ Հովհաննես Հովհաննիսյան, Գրիգոր Գևորգյան, Դավիթ Պետրոսյան, Տիգրան Աբգարյան, Արմեն Ֆարմանյան, Տիգրան Խաչատրյան, Գոռ Քլոյան։
Զոհերից 2-ի՝ Զաքար Հովհաննիսյանի ու Սամվել Հարությունյանի մասով, դատարանը նշել է, որ պետության ուղղակի պատասխանատվությունն ապացուցող բավարար փաստեր չկան։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում
