Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քիչ առաջ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչության ծառայողները համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչների հետ Կոտայքի մարզում հայտնաբերել ու վնասազերծել են Արամուս գյուղում ամուսիններին սպանելու մեջ կասկածվողին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կասկածյալը հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններով:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ օպերատիվ տեղեկությունների՝ այսօր սպանության կասկածանքով հայտաբերված ու ձերբակալված կասկածյալը առավոտյան ինչ-որ հարցերի շուրջ վիճաբանություն է ունեցել ամուսինների հետ, ովքեր նրա հարևաններն են, այնուհետև նա իմացել է, որ ամուսինները տնից դուրս են եկել և գնացել են Արամուս գյուղի դաշտ՝ գազար հավաքելու, հրազենով զինված մոտեցել է, սպանել նրանց, ապա դիմել փախուստի:

Ըստ տեղեկությունների՝ կասկածյալը Կոտայքի մարզի բնակիչ 61-ամյա տղամարդ է, ով իր զոհերի վրա կրակել է իր անվամբ գրանցված որսորդական հրացանից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, առեղծվածային մահվան դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արամուս բնակավայրի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում դիեր կան:

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշերով նախաձեռնվել էր քրեական վարույթ: Իրավապահները պարզում են մահացածների ինքնությունները:

720