Երեկ, դեկտեմբերի 25-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը։

 

Ժամանել է նաև ՀՀ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության 2-րդ վարչության պետ Վահե Մուշեղյանը։ Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Դավիթ Բարոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ներսես Խանոյանի գլխավորությամբ։

 

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ մահացածի մարմնի կողային հատվածում կա հրազենային վնասվածք, իսկ գլխի և մարմնի մասերում՝ վնասվածքի հետքեր։ Մինչ դատաբժիշկը կզններ դին, ոստիկաններն ու քնիչները պարզել են, որ սպանվածը Էջմիածին քաղաքի բնակիչ 33-ամյա Արաքսյա Ղ․-ն էր։

 

Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ ՔրՕրի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ձեռարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը հիվանդանոց է տեղափոխվել Nissan մակնիշի ավտոմեքենայով։

 

Նշված սպանությունը կատարեու կասկածանքով՝ Էջմիածնի ոստիկանները բաժնի պետի օպեր գծով տեղակալ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալին, ով բերման է ենթարկվել Ոստիկանության Վաղարշապատի բաժին, ապա ներկայացվել Վաղարշապատի քննչական բաժին։ Հայտանբերվել է նաև Nissan մակնիշի ավտոմեքենան, որը տեղափոխվել է Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ավտոմեքենայի վրա հայտնաբերվել է կրակոցի հետք։

 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված սպանությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկվածը Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Շահեն Վ․-ն է։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել է նաև Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Ներսիսյանը։

 

Լուսանկարը՝ Կարեն Գրիգորյանի

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

562