Ոստիկանության Վաղարշապատի բաժին դեկտեմբերի 25-ին, ժամը 21.00-ին,  հիվանդանոցից հայտնել են, որ «ձախ կողային հատվածում հրազենային վնասվածքին նմանվող» և «ճակատային հատվածում քերծվածք» վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Էջմիածին քաղաքի 33-ամյա մի բնակչուհու դի։  Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

«Մեկնած ոստիկանները պարզել են, որ կնոջ դին հիվանդանոց է տարվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով, որը տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

 

Դեպքի առթիվ սպանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:

 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

 

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության, Վաղարշապատի բաժնի և Վաղարշապատի քննչական բաժնի ծառայողները իրականացրել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ։ Իրավապահների հմուտ աշխատանքի արդյունքում պարզվել է, որ սպանությունը կատարել է կնոջ դին հիվանդանոց տեղափոխած 34-ամյա տղամարդը։ Դեկտեմբերի 26-ին, ժամը 01.00-ին, Էջմիածին քաղաքի Կոստանյան և Կամոյի փողոցների խաչմերուկում նա հայտնաբերվել է և, սպանություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Տղամարդը ձերբակալվել է: Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրում կին է սպանվել:

789