Սեպտեմբերի 27-ին խաթարվեց մեր սովորական առօրյան, և կյանքը փոխվեց, հազարավորների ցավը դարձավ անձնական ողբերգություն, հազարավոր լույս տղերք բռնեցին անմահության ճամփան...

 

Գուրգեն Միրզոյանը արցախյան երկրորդ պատերազմի կամավորներից էր: Ցավոք, չարաբաստիկ պատերազմը խլեց նաև նրա կյանքը...

 

Գուրգենի կրտսեր եղբայրը` Արայիկը, շատ լավ գիտի՝ ինչ է պատերազմը, այն իր մաշկի վրա է զգացել դեռեւս Ապրիլյանի ժամանակ։  Այսօր Արայիկն արդեն անցյալ ժամանակով է պատմում ավագ եղբոր` Գուրգենի մասին:

 

 

 

«Մենք և Այգեշատում  ենք ապրել, և Արցախում: Երբ երեխա էինք, ընտանիքով տեղափոխվեցինք  Արցախ: Տարիներն անցան, մենք մեծացանք ու վերադարձանք Այգեշատ, բայց Գուրգենը մնաց: Սիրեց, շատ սիրեց Արցախը, այնքան շատ, որ անգամ կյանքը չխնայեց հանուն Արցախի»,- կցկտուր պատմում է Արայիկն ու հավելում, որ  Գուգոն (միշտ այսպես է դիմել եղբորը) Քաշաթաղի շրջանի Կովսական համայնքում էր ապրում։

 

Սեպտեմբերի 18-ին ընտանիքով Արցախում են եղել: Գուրգենը տնեցիներին ավտոմեքենայով բերել է Էջմիածին, մնացել մինչև սեպտեմբերի 23-ը, թողել է մեքենան և վերադարձել Արցախ: Մեկ շաբաթվա  կիսատ գործ ուներ, բայց խոստացել էր վերադառնալ:

 

 

«Ձեռքից ամեն ինչ գալիս էր: Յուրահատուկ մարդ էր: Նենգ բան չկար մեջը:  Սիրտն էլ ուզեիր՝ կհաներ կտար... ու տվեց Հայրենիքին: Շատ կամեցող մարդ էր: Գուգոյի մասին բառեր չեմ կարողանում գտնել, որ ճիշտ ներկայացնեմ: Կյանքով լի մարդ էր ախպերս»,- պատմում է Արայիկը` վերհիշելով 27-ի առավոտը. «Երբ կռիվն արդեն սկսվել էր, առավոտյան հորաքույրս զանգեց, թե՝ Արայիկ, գիտե՞ս, Արցախում ամբողջ գիշեր կռիվ է եղել: Ասացի տեղյակ չեմ: Ու միանգամից զանգեցի ախպորս: Խոսեցինք, ամեն բան նորմալ էր, ասեց՝ Կովսականում  բան չկա... Տնեցիներն էլ ինչ արեցին` Գուգոն հետ չեկավ: Պապային ասել էր` այ հեր, տղերքը այդտեղից են գալիս, ես ո՞նց հետ գամ»:

 

Գուրգենը տնեցիներից ոչ մեկին տեղյակ չի պահել, որ ճակատ է մեկնում: Արայիկի պատմելով` Գուգոն շատ հանգիստ բնավորություն ուներ: Տուն սովորաբար քիչ էր զանգում: Բայց, անկախ ամեն ինչից, ախպերներով ամեն օր պետք է շփվեին: «Ամսի 29-ին լսեցի, որ պետք է կռիվ գնա, մտքին կար: Ասեցի` Գուգ, հանկարծ մենակ չգնաս, եթե գնալու ես, ինձ էլ ասա: Ասեց` չէ, Կապան եմ գնում, գործ կա: Հետո նստել էր կամավորականներին տանող ավտոբուսն ու ճամփա ընկել առաջնագիծ»:

 

 

Երբ արդեն Գուրգենը ճանապարհին է եղել, մորն ու եղբորը առանձին-առանձին նամակ է գրել, որ կռիվ է գնում: Դրանից հետո կապն ընդհատվել է տնեցիների հետ: Վերջին անգամ սեպտեմբերի 30-ին է զանգել տուն, մորը սիրտ է տվել, թե ամեն բան լավ է լինելու, ու անջատել է հեռախոսը... հավերժ:

 

Գուրգենը Ջաբրայիլում է կռվել: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ի առավոտյան:  Գուրգենի մարտական ընկերը Արայիկին պատմել է, որ Գուգոն Իշխանաձորում գրանցվել է ազատամարտիկների ջոկատում: Մինչև ամսի  2-ը ոչ մի վիրավոր, ոչ մի զոհ չեն ունեցել: Առաջին մեծ կորուստը եղել է իրենց հրետանու մոտ: Հակառակորդը շարքից հանել է հրետանային տեխնիկան,  միակ զոհը Գուրգենն է եղել:

 

«Մինչև դեպքը Գուգոն ընկերոջ հետ ինչով կարողացել է օգնել է զինվորներին, նրանք հերթափոխել են հրանոթների մոտ, իսկ երբ հրետակոծություն չի եղել, գնացել են բլինդաժներ` զինվորների համար բրդուճներ սարքելու: Ընկերը պատմում էր, որ Գուգոյի ուշք ու միտքը տանն է եղել»,- ինքն իրեն մխիթարելով պատմում է Արայիկը` հիշելով իրենց վերջին խոսակցությունը. «Վերջին անգամ, երբ Էջմիածնում խոսում էինք, ասում էր` արդեն ժամանակն է ամուսնանալու: Ինքն իմ վրա էր գցում, ես` իր: Ասում էր` բա աղջիկ: Ասում էի` ինչն ա շատ՝ աղջիկը, դու համաձայնվի, ես քեզ կպսակեմ»։

Գուգոն կռվի օրերին տղերքին ասել է` ախպերս քառօրյա պատերազմ է տեսել, էս անգամ իմ հերթն է գնալու:

 

 

 

Արայիկը չի կարողանում հաշտվել եղբոր կորստյան հետ: Ասում է` անտանելի բաց կա, դատարկություն: Ինչքան էլ հպարտություն զգա, բայց դա ընդամենը մխիթարանք է: «Չկա մի վայրկյան, որ կարողանամ ախպորս մտքիցս հանեմ: Ինքը միշտ ինձ հետ է, կապ չունի, որ ֆիզիկապես այստեղ չի (լռում է):  Ես զգացել եմ իր մահը, չգիտեմ՝ դա ինչ էր, բայց ես զգացի, որ Գուգոն ընկավ... Ու այդ գիշեր իմանում եմ, որ ախպորս խփել են: Մորս չեմ ասել։ Գիշերվա հազարին տնից դուրս եմ եկել, ու հիվանդանոցներով ախպորս ենք փնտրել: Մի քանի օր հետո Ստեփանակերտից ենք գտել»...

 

Տարին ավարտվում է: Արայիկը 2021 թվականի համար ցանկությունը մեկն է՝ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, որ մեր երկրում այլևս երբեք պատերազմներ չլինեն, հայոց մայրերը երբեք իրենց որդիներին չկորցնեն. «Թող գալիք 2021-ն իր հետ խաղաղություն բերի, և թող սահմանին կանգնած տղերքի ավտոմատը միայն տոնական կրակահերթ արձակի»:

 

Հայկ Մագոյան

2193