Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանում անկլավների վերադարձի և սահմանազատման գործընթացին:
«Ակնհայտ է, որ սահմանազատման հանձնաժողովում չի կարող սահմանազատվել սահմանից անգամ 1 սմ առանց համապատասխան իրավական հիմքերի, և Արծվաշենը ևս բացառություն չէ: Անկլավային հարցերը պետք է որոշվեն սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի շրջանակներում»,- նշել է նա:
Ռուբինյանի խոսքով, հանձնաժողովներն արդեն ընդունել են աշխատակարգ, որը վավերացվել է ԱԺ-ում, և որը նախատեսում է՝ իրավական հիմքերի ստեղծում, քարտեզագրական ուսումնասիրություններ, սահմանազատման պրոտոկոլների կազմում և ստորագրում: Վերջնական փուլում նախատեսվում է դելիմիտացիայի վերաբերյալ պայմանագրի քննարկում:
Անդրադառնալով ժամանակացույցին, ԱԺ փոխխոսնակն ընդգծել է, որ մինչև խորհրդարանական ընտրություններ որոշում ընդունվել չի կարող. «Հաստատ մինչև ընտրությունները չեն լինի, որովհետև գործընթացը երկարաժամկետ է»:
Ռուբինյանը նաև նշել է, որ սահմանազատման գործընթացը հնարավորություն է տալիս քննարկել տարածքների փոխանակումը, սակայն եթե փոխանակում չի իրականացվի, հանրաքվեի պահանջ չկա, որ պայմանագիրը ստորագրվի կամ վավերացվի: «Եթե որոշվի որևէ տարածք փոխանակել, դա հանրաքվեով է լինելու, սակայն այժմ որևէ նորություն չկա այս հարցում. սահմանազատման հանձնաժողովների հանդիպում չի եղել»,- շեշտել է նա: