Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայտնաբերվել է նոյեմբերի 11-ին Վրաստանում ադրբեջանական տարածքից վերադարձող թուրքական ռազմատրանսպորտային C-130 Hercules վթարված ինքնաթիռի սև արկղը։
Վրաստանի քաղաքացիական ավիացիայի ծառայության հաղորդմամբ՝ ինքնաթիռն անհետացել է ռադարներից առանց տագնապի ազդանշան հնչեցնելու։ Դեպքը տեղի է ունեցել ադրբեջանա-վրացական սահմանին մոտ՝ Սիղնաղի շրջանի տարածքում։ Ինքնաթիռում գտնվել է 20 մարդ՝ անձնակազմի անդամներ և զինծառայողներ, որոնցից ոչ ոք չի փրկվել։
Հայտնի է, որ ինքնաթիռը վերադառնում էր Բաքվից, որտեղ թուրքական զորքերը մասնակցել էին նոյեմբերի 9-ին Ադրբեջանի կազմակերպած շքերթին։ Այս մասին հայտարարել է նաև Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ըստ սոցցանցերում տարածված տեսանյութերի՝ ինքնաթիռը օդում պտտվել էր, ապա ուղղահայաց ընկել՝ թողնելով սպիտակ ծուխ։ Որոշ կադրերում երևում են օդում թռչող բեկորներ, որոնք հիշեցնում են շարժիչի մասեր։ Վթարի հանգամանքները տարակարծությունների տեղիք են տվել։
Մամուլում առաջ են քաշվել մի շարք վարկածներ, որոնք դեռևս պաշտոնապես չեն հաստատվել։ Մի խումբ փորձագետներ ենթադրում են, որ ինքնաթիռը կարող էր ենթարկվել արտաքին հարվածի, որոշների կարծիքով՝ վթարը տեղի է ունեցել ներքին պայթյունի հետևանքով, քանի որ վկայակոչելով հրապարակված կադրերը՝ նրանք կարծում են, թե ինքնաթիռը մասնատվել է դեռևս օդում գտնվելու ընթացքում։ Մասնագետները նկատել են նաև, որ եթե պարզապես շարժիչները կանգնեին, ինքնաթիռը կիջներ հարթ, ոչ թե ուղղահայաց։
Սա, ըստ նրանց, հուշում է հանկարծակի պայթյունի կամ կառուցվածքային խզման մասին։ Հրապարակված կադրերում երևում է նաև, թե ինչպես է ինքնաթիռի պոչի հատվածը կոտրվում թռիչքի ընթացքում, ինչը, ըստ փորձագետների, վկայում է լուրջ կառուցվածքային վնասման մասին։ Այլ վարկածներ էլ վկայում են տեխնիկական անսարքության կամ եղանակային բարդ պայմանների մասին։
Հաշվի առնելով, որ C-130 մոդելը շահագործվում է մի շարք երկրներում արդեն տասնամյակներ շարունակ, հիմնական վթարների պատճառ կարող են լինել շարժիչի խափանումները, գերբեռնվածությունը կամ ռազմական գործողությունների ընթացքում ստացված վնասները։ Այս տեսակի ինքնաթիռների մասնակցությամբ տարբեր ժամանակներում արձանագրվել է ավելի քան 400 միջադեպ, որոնց հետևանքով զոհվել է շուրջ 3500 մարդ։
Թուրք ռազմական մասնագետներից մեկն իր հերթին նշել է, որ պետք է հաշվի առնել՝ C-130 Hercules-ը ժամանակի փորձությունը անցած ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է, որի վերջին հայտնի խոշոր միջադեպը տեղի է ունեցել 1982 թվականին։ Նրա խոսքով՝ որպես վթարի պատճառ պետք է բացառել տեխնիկական անսարքությունը, ինչպես նաև եղանակային պայմանները, քանի որ վատ եղանակի մասին անպայման կհաղորդվեր համապատասխան մարմիններին։ Թուրքիայի և Վրաստանի իշխանությունները սկսել են համատեղ հետաքննություն՝ պարզելու վթարի իրական պատճառները։
Դեռևս չի հաղորդվել ինքնաթիռի բարձրության, երթուղու և եղանակային պայմանների մասին մանրամասն տեղեկատվություն։ Այնուամենայնիվ, թե՛ պաշտոնական, թե՛ փորձագիտական շրջանակներում համընկնում է այն կարծիքը, որ ինքնաթիռի կործանումը եղել է հանկարծակի, և անձնակազմը պարզապես չի հասցրել հաղորդել արտակարգ իրավիճակի մասին։
Haber Global-ի վերլուծությամբ, առկա է երկու հիմնական վարկած։ Առաջին՝ ինքնաթիռի կառուցվածքում հնարավոր է առաջացել է անցք՝ կոռոզիայի, ժանգի կամ օքսիդացման հետևանքով։ Նմանատիպ անսարքություն 2019 թվականին հանգեցրել էր նման ինքնաթիռի վթարի Արիզոնայում։ Երկրորդ՝ բեռի սխալ ամրացումը և դրա տեղաշարժը թռիչքի ընթացքում։ Այս դեպքում շարժվող բեռը կարող էր լուրջ վնաս հասցնել ինքնաթիռի ներսում։ Ըստ նույն աղբյուրի՝ ինքնաթիռը վերջին անգամ լիարժեք տեխնիկական զննում է անցել 2020 թվականին։
Lockheed C-130 Hercules-ը ամերիկյան արտադրության միջին և երկար հեռավորության ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է, որն օգտագործվում է ավելի քան 60 երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում և Թուրքիայում։ Թուրքական բանակը շահագործում է այս մոդելը դեռևս 1963 թվականից։