Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ կառավարության հերթական նիստում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց պետական կառավարման համակարգի մարմինների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսման պիլոտային ծրագրի հիմնավորման նախագիծը՝ այն ընդգծելով որպես հանրային կառավարման բարեփոխումների առանցքային բաղադրիչ։
Խաչատրյանի խոսքով՝ ծրագիրը բխում է հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունից, որի հիմնական նպատակն է բարձրացնել կառավարման մարմինների արդյունավետությունն ու հանրային ծառայության մրցունակությունը։ Նա ընդգծեց, որ այս նպատակների իրագործման համար վճռորոշ է ինչպես համակարգում որակյալ և մրցունակ կադրերի պահպանումը և նոր մասնագետների ներգրավումը, այնպես էլ պետական կառավարման մարմինների սահմանափակ ռեսուրսների արդյունավետ ուղղումը առաջնահերթ խնդիրների լուծմանը։
Փոխվարչապետն ընդգծեց, որ ոչ պետական հատվածի համեմատությամբ հանրային ծառայությունում վարձատրությունն ավելի քիչ մրցունակ է, ինչն ազդում է համակարգի գրավչության վրա։
Խաչատրյանի խոսքով՝ կառավարությունը նախորդ տարվա վերջին քայլեր էր նախաձեռնել նախարարությունների և մատչելի ենթակառույցների գործունեության առաջնահերթությունները հստակեցնելու համար․ սահմանվել են 12 նախարարությունների առաջնահերթ ուղղությունները, նույնը՝ ՊԵԿ-ի, Քաղաքաշինության կոմիտեի և Կադաստրի կոմիտեի համար, մշակվել է գնահատման միասնական մեթոդաբանություն, չափվել է կատարված աշխատանքի առաջընթացը, ամփոփվել են առաջին կիսամյակի արդյունքները։
«Առաջին կիսամյակի արդյունքներով ամփոփված աշխատանքը փաստում է, որ այն բավարար հիմքեր է ստեղծել շարունակական եղանակով կառավարման մարմինների արդյունավետությունը բարձրացնելու համար»,-նշեց փոխվարչապետը։
Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ նախագծով առաջարկվում է ստեղծել կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսման նոր համակարգ։
«Խրախուսանքի արժանացած յուրաքանչյուր ծառայողի վարձատրության ավելացումը մի մասով հանդիսանում է կրթական ծախսերի համար նախատեսված գումար՝ որպես որակավորումը բարձրացնելու և կարողություններն ավելացնելու լրացուցիչ հնարավորություն»,-ընդգծեց Խաչատրյանը՝ հավելելով, որ այս մոտեցումը նախատեսված է բարձր կատարողականը խրախուսելու, պետական համակարգում վարձատրությունը համահունչ դարձնելու կատարված աշխատանքին, պետական ծառայությունը դարձնելու ավելի գրավիչ, աջակցելու հանրային ծառայողների շարունակական կրթությանը։
Փոխվարչապետը նշեց նաև, որ ծրագիրը ոչ միայն ամփոփում է կատարված աշխատանքը, այլև դառնում է ինստիտուցիոնալ փոփոխությունների հիմք։
«Պիլոտային ծրագրի արդյունքները դառնալու են մեր կողմից շարունակական վերլուծության առարկա, իսկ եզրակացությունները՝ հիմք հանրային ծառայության մոտիվացիոն մեխանիզմներն ավելի արդյունավետ դարձնելու հետագա բարեփոխումների համար»,-եզրափակեց նա։