Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երթևեկության բոլոր մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Պարեկային ծառայությունը հանրապետության ճանապարհներին շարունակում է ուժեղացված հսկողությունն ու խիստ վարչարարությունը։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

Ըստ հաղորդագրության՝ միայն վերջին 3 օրում պարեկային ծառայողները ստուգման են ենթարկել 5131 տրանսպորտային միջոց, որոնցից 550-ի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն՝ ոչ ձմեռային անվադողերով, ինչպես նաև սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող ձմեռային անվադողերով երթևեկելու համար։

Պարեկային ծառայության աշխատակիցները ստուգման են ենթարկել նաև ՃՏՊ-ների մասնակից տրանսպորտային միջոցների անվադողերը։

Վերջին 3 օրում հանրապետությունում տեղի է ունեցել

ճանապարհատրանսպորտային 748 պատահար, որոնց գերակշիռ մասը նյութական ելքով են եղել։ Նշված պատահարների մասնակից 1454 տրանսպորտային միջոցների ստուգմամբ ընդամենը 28-ի անվադողերն են եղել ամառային։

Պարեկային ծառայության աշխատակիցները համագործակցում են նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ և առկա մերկասառույցի և անհրաժեշտ մաքրման աշխատանքների անհրաժեշտության դեպքում տեղեկատվություն տրամադրում գործընկերներին։

ՆԳ նախարարությունը հորդորում է պահպանել երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցները վարել բացառապես ձմեռային անվադողերով։ Խիստ վարչարարությունը շարունակվելու է։

460