Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ինչպես ցանկացած ընկերության դեպքում, TRIPP-ի զարգացման ընկերության բաժնեմասերը կարող են օտարվել, վաճառվել, նվիրաբերվել կամ վերակազմակերպվել, սակայն նման որևէ գործընթաց չի կարող իրականացվել առանց Հայաստանի Հանրապետության համաձայնության։ Այս մասին ԱՄՆ-ում կայացած ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով TRIPP-ի վերաբերյալ Հայաստան–ԱՄՆ միջև ձեռք բերված պայմանավորվածություններին։

Նրա խոսքով՝ համապատասխան փաստաթղթում հստակ ամրագրված է, որ բաժնեմասերի հնարավոր փոփոխությունների, այդ թվում՝ վերջնական սեփականատերերի փոփոխության դեպքում, անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների կառավարությունների նախնական համաձայնությունը։

«Փաստաթղթում հստակ նշված է, որ այդպիսի զարգացումների դեպքում և վերջնական սեփականատերերի փոփոխության դեպքում անհրաժեշտ է ՀՀ-ի և ԱՄՆ կառավարության նախօրոք համաձայնություն: Այսինքն՝ չի կարող այդպիսի բան տեղի ունենալ՝ առանց ՀՀ-ի համաձանության: Դավադրության տեսություններ ենք լսել, մեկնաբանություններ, որ այ հիմա բաժնեմասերի որևէ տոկոս համամասնությամբ կհամաձայնեք կիսել Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև, հետո կսկսվի ընկերության գործունեությունը, հետո ինչ-որ փուլում՝ մի ամիս հետո, մի շաբաթ հետո, մի տարի հետո, 10 տարի հետո, մեզնից թաքուն, մեր կամքին հակառակ բաժնեմասերի մի մաս կարող է վաճառվել այս կամ այն երկրին: Հիմա հստակ ամրագրում ենք, որ այդպիսի մի բան, առանց մեր համաձայնության, բացառվում է, որ տեղի ունենա: Դա կլինի պայմանագրի խախտում, հետևաբար չի կարող լինել»,- ասաց նախարարը։ 

331