Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կառավարությունը հավանություն է տվել օրենքի նախագծին, որով ուսուցիչների ատեստավորման արդյունքներով սահմանվող վարձատրությունը կտարածվի ոչ միայն դասավանդման, այլև ուսուցչի վարած խմբակային և նախագծային աշխատանքների ժամերի վրա։ Նախագիծը հաստատվել է ՀՀ կառավարության նիստում։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ փոփոխության նպատակն է արժևորել ուսուցիչների կողմից իրականացվող անհատական բաղադրիչը։ Նրա խոսքով՝ գործող չափորոշչի համաձայն՝ ուսուցիչները, իրենց հիմնական առարկայից բացի, կարող են վարել խմբակներ և ղեկավարել նախագծային աշխատանքներ, որոնք կրթական գործընթացի կարևոր բաղադրիչ են։ «Եթե ուսուցիչը, օրինակ, ֆիզիկա է դասավանդում և միաժամանակ ղեկավարում է ֆիզիկայի նախագծային աշխատանք, ապա այդ ժամերը ևս կընդգրկվեն ատեստավորման արդյունքներով սահմանվող վարձատրության հաշվարկում»,- ընդգծել է նախարարը։
Օրենքի նախագծով կարգավորվում է նաև այն դեպքը, երբ ուսուցիչը ատեստավորմանը մասնակցում է երկրորդ կամ երրորդ անգամ։ Նախարարը պարզաբանել է, որ նույն արդյունքի դեպքում հավելավճարի չափը կպահպանվի և կսահմանվի նոր հնգամյա ժամկետ։ Եթե ուսուցիչը ցուցաբերի ավելի ցածր արդյունք, ապա հավելավճարը կմնա նախորդ՝ ավելի բարձր արդյունքի չափով, սակայն՝ արդեն գործող ժամկետի շրջանակում։ Իսկ ավելի բարձր արդյունքի դեպքում կսահմանվի նոր ժամկետ՝ նոր հավելավճարի չափով։
Հանրակրթության օրենքի փոփոխությամբ հնարավորություն էր տրվել, որ, եթե ուսուցչի մրցույթը չի կայանում, ապա մանկավարժական կրթություն ստացող ուսանողը կրթության վերջին տարում կկարողանա դասավանդել: Հիմա այդ ուսանողներին նաև կամավոր ատեստավորման մասնակցելու հնարավորություն է տրվում: