Այսօր Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով որպես հիմնադիր անդամ մասնակցել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։
Արարողության ընթացքում երկրների ներկայացուցիչներն ԱՄՆ նախագահի ներկայությամբ ստորագրել են «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը: Դոնալդ Թրամփն իր ելույթում շնորհակալություն է հայտնել նախաձեռնությանը միանալու և հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար:

Ստորև ներկայացնում ենք կանոնադրության մի շարք առանցքային դրույթներ, որոնք հստակեցնում են Խաղաղության խորհրդի գործունեության հիմքերը։

Ըստ ներկայացված փաստաթղթի՝ կառույցի առաքելությունն է նպաստել կայունության խթանմանը, վերականգնել հուսալի և օրինական կառավարումը, ինչպես նաև ապահովել տևական խաղաղություն այն տարածքներում, որոնք գտնվում են հակամարտության մեջ կամ հակամարտության սպառնալիքի ներքո։

Խաղաղության խորհուրդը իրականացնում է խաղաղարար գործառույթներ՝ միջազգային իրավունքի նորմերին և սույն կանոնադրությամբ սահմանված կարգին համապատասխան։

Անդամակցության հարցում նշվում է, որ Խաղաղության խորհրդի անդամակցությունը սահմանափակվում է միայն նախագահի կողմից հրավիրված պետություններով։ Յուրաքանչյուր անդամ պետություն խորհրդում ներկայացված է պետության կամ կառավարության ղեկավարի մակարդակով։

Անդամ պետությունները պարտավորվում են իրենց ներքին իրավական լիազորությունների շրջանակում աջակցել և նպաստել Խաղաղության խորհրդի գործունեությանը։

Շեշտվում է, որ պետության անդամակցության ժամկետը չի կարող գերազանցել երեք տարին՝ կանոնադրության ուժի մեջ մտնելու պահից, սակայն այն կարող է երկարաձգվել նախագահի որոշմամբ։ Միևնույն ժամանակ նշվում է, որ այս երեք տարվա սահմանափակումը չի տարածվում այն պետությունների վրա, որոնք կանոնադրության գործողության առաջին տարվա ընթացքում ներդրել են ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար։

Անդամակցությունը դադարեցվում է երեք տարվա ժամկետի ավարտից հետո կամ Խաղաղության խորհրդի լուծարման դեպքում։

Ցանկացած անդամ պետություն կարող է դուրս գալ Խաղաղության խորհրդից՝ նախագահին ուղղված գրավոր ծանուցման միջոցով։

Խաղաղության խորհուրդը պարտավոր է քվեարկել օրակարգում ընդգրկված բոլոր առաջարկների շուրջ՝ ներառյալ տարեկան բյուջեները, դուստր կառույցների ստեղծումը, բարձր պաշտոնատար անձանց նշանակումը, ինչպես նաև կարևոր քաղաքական որոշումները, ինչպիսիք են միջազգային համաձայնագրերի հաստատումը և խաղաղաշինության նոր նախաձեռնությունների իրականացումը։

Խաղաղության խորհուրդը գումարում է քվեարկության իրավունքով նիստեր առնվազն տարեկան մեկ անգամ, ինչպես նաև լրացուցիչ ժամանակահատվածներում և վայրերում, որոնք նախագահը կհամարի նպատակահարմար։

Խորհրդում յուրաքանչյուր անդամ պետություն ունի մեկ ձայն։ Որոշումները ընդունվում են ներկա և քվեարկող անդամների ձայների մեծամասնությամբ՝ նախագահի հավանությամբ։ Ձայների հավասարության դեպքում նախագահն ունի վճռորոշ ձայն։

Անդամ պետությունները կարող են իրենց հայեցողությամբ նիստերին ներկայացված լինել այլընտրանքային բարձր պաշտոնատար անձի միջոցով՝ նախագահի հավանությամբ։ Նախագահը կարող է նաև հրավիրել համապատասխան տարածաշրջանային տնտեսական ինտեգրման կազմակերպություններին՝ Խաղաղության խորհրդի նիստերին մասնակցելու նպատակով՝ իր սահմանած պայմաններով։

Դոնալդ Թրամփը հանդիսանում է Խաղաղության խորհրդի անդրանիկ նախագահը, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին ներկայացուցիչը խորհրդում։

Նախագահն ունի բացառիկ լիազորություններ՝ ստեղծելու, փոփոխելու և լուծարելու Խաղաղության խորհրդին ենթակա և օժանդակ կառույցները։

Խաղաղության խորհրդի ծախսերը ֆինանսավորվում են անդամ պետությունների, այլ պետությունների, կազմակերպությունների կամ այլ աղբյուրների կամավոր նվիրատվությունների հաշվին։

Խաղաղության խորհուրդը և նրա կառույցները օժտված են միջազգային իրավասուբյեկտությամբ, որն անհրաժեշտ է իրենց առաքելությունն իրականացնելու համար։ Սա ներառում է, առանց սահմանափակման, պայմանագրեր կնքելու, գույք ձեռք բերելու և տնօրինելու, դատական գործընթացներ նախաձեռնելու, բանկային հաշիվներ բացելու, պետական և մասնավոր միջոցներ ստանալու ու ծախսելու, ինչպես նաև անձնակազմ վարձելու իրավունք։

Խաղաղության խորհրդի անդամների, կառույցների և անձնակազմի միջև առաջացող ներքին վեճերը, որոնք վերաբերում են խորհրդի գործունեությանը, լուծվում են խաղաղ համագործակցության միջոցով՝ կանոնադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակում։ Կանոնադրության մեկնաբանման և կիրառման հարցերով վերջնական իրավասությունը պատկանում է նախագահին։

Նշվում է, որ Խաղաղության խորհուրդը գործում է անժամկետ և կարող է լուծարվել այն ժամանակ, երբ նախագահը դա կհամարի անհրաժեշտ կամ նպատակահարմար։ Լուծարման դեպքում Գործադիր խորհուրդը սահմանում է ակտիվների, պարտավորությունների և պարտքերի կարգավորման կանոններն ու ընթացակարգերը։
Խաղաղության խորհրդի պաշտոնական լեզուն անգլերենն է։ Խորհուրդը և նրա կառույցները կարող են հիմնել գլխավոր գրասենյակ և տեղական ներկայացուցչություններ։ Խաղաղության խորհուրդը կունենա պաշտոնական կնիք, որը հաստատվում է նախագահի կողմից։

1281