Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ դիտորդը պետք է լինի անկողմնակալ և չեզոք, իսկ դիտորդական առաքելությունները չեն կարող աջակցել ընտրություններին մասնակցող որևէ կուսակցությանը։ Այնուամենայնիվ, մեր օրենսդրությունը այս պահվածքի խախտման դեպքում բավարար մեխանիզմներ չի սահմանում։ Այսպես, այս նախագծի գլխավոր նպատակն է այդ մեխանիզմները հստակեցնել՝ գործող կանոնները պարզաբանելով և առկա մեխանիզմներն ընդլայնելով, որպեսզի դրանք դառնան արդյունավետ։
Այդ մասին Ազգային ժողովի հունվարի 23-ի արտահերթ նիստում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով առաջարկվող փոփոխությունները։
Ըստ հիմնական զեկուցողի՝ գործող կարգավորումներով դիտորդական առաքելություն կարող են իրականացնել ՀՀ-ում գրանցված այն կազմակերպությունները, որոնց որևէ ներկայացուցիչ չի մասնակցում տվյալ ընտրություններին՝ բացի ՀԿ-ներին ստանդարտ վերաբերելի հարցերից, և որոնք չեն աջակցում թեկնածուներին կամ ընտրություններին մասնակցող կուսակցություններին:
Խոսքը բացառապես աջակցության մասին է, որը, ըստ Ջուլհակյանի, բավականին անորոշ ձևակերպում է, բայց միաժամանակ խոսքն այն մասին չէ, որ եթե դիտորդը չի աջակցում, բայց քաղաքական ընդդիմություն է, այդ դեպքում ի՞նչ է տեղի ունենում:
«Մենք հստակեցրել ենք, որ ընտրություններին մասնակցող կուսակցություններին քարոզչություն կամ հակաքարոզչություն անող կազմակերպությունը հավատարմագրում կարող է չստանալ կամ նույնիսկ եթե ստացել է և հետո է ի հայտ եկել, որ քարոզչություն կամ հակաքարոզչություն է անում, այդ դեպքում ԿԸՀ-ն իրավունք ունի վարույթ հարուցել և այդ վարույթի արդյունքներով ուժը կորցրած ճանաչել հավատարմագրումը:
Կարևոր բաղադրիչ ենք ներմուծում, որ դիտորդական կազմակերպությունները պետք է կարողանան ի ցույց դնել, որ իրենք բարեվարք են, և նպատակ ունենալով ընտրությունների թափանցիկությունը դիտարկել՝ նաև իրենք են թափանցիկ և հաշվետվողական մեր քաղաքացիների առաջ:
Հավատարմագրումների դիմում ներկայացնելիս ԿԸՀ-ն նաև հաշվի է առնում, թե իրենց տարեկան հաշվետվությունը ներկայացրե՞լ են, թե՞ չէ, և թե արդյոք իրենք բացահայտո՞ւմ են իրենց դիտորդական առաքելության ֆինանսավորման աղբյուրները»,- պարզաբանեց Ջուլհակյանը: