Շուրջ 700 առանձնատներ տրամադրվելու են իրենց բնակավայրերից տեղահանված արցախցիներին, տեղեկացնում են ԱՀ Քաղաքաշինության նախարարությունից: 

 

՛՛Արցախի գյուղական բնակավայրերում առաջիկա 3-4 ամիսների ընթացքում նախատեսվում է վերանորոգել և շահագործման հանձնել շուրջ 700 առանձնատուն։

 

Տեղահանված բնակիչների համար Ասկերանի,Մարտունու և Մարտակերտի շրջանների գյուղական անբնակ առանձնատների վերանորոգման ծրագրի շրջանակներում՝ անցած տարվա դեկտեմբերի 30-ի դրությամբ մեկնարկել է 71 առանձնատան վերանորոգումը:Դրանցից 34-ն արդեն հանձնվել է շահագործման, իսկ մյուսների վերանորոգումն ընթացքում է:

 

Նախատեսված 700 առանձնատների վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում՝ անբնակ տների թվի վերաբերյալ շրջվարչակազմերի ներկայացրած տվյալները ստանալուց անմիջապես հետո:

 

ԱՀ քաղաքաշինության նախարարության և 28 շինարարական կազմակերպությունների միջև պայմանավորվածություն է ձեռքբերվել՝ վերականգնման աշխատանքներին զուգահեռ սկսել նաև այդ առանձնատների վերանորոգումը:

 

Գյուղական առանձնատները, ներքին և արտաքին հարդարումից բացի, կունենան խոհանոց և ներքին սանհանգույց։

 

Մինչ այդ՝ համապատասխան պայմանավորվածություններ են ձեռքբերվում շրջվարչակազմերի և անբնակ առանձնատների սեփականատերերի հետ: Բացի այդ՝ ծրագրում ընդգրկված են նաև գյուղական բնակավայրերի այն տները, որոնցում երկար տարիներ փաստացի ոչ ոք չի բնակվում:

 

Ծրագրի ֆինանսավորումը կատարվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

171