Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բյուրեղավան քաղաքում վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ են դիմել շտապօգնության ծառայություն՝ սրտխառնոց, փորլուծություն, փսխում, ջերմության բարձրացում գանգատներով: Մի քանի ժամում նույն սիմպտոմատիկայով կանչերի թիվը հասել է 30-ի:
Համայնքապետարանը հայտարարություն է տարածել՝ հորդորելով կա՛մ չօգտվել ջրից, կա՛մ օգտագործել եռացրած ջուր:
Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ հոսպիտալացված քաղաքացիների թիվն այս պահին 5-ն է. «Ունեցել ենք շտապօգնության կանչեր՝ ընդհանուր թուլություն, փսխում, ջերմություն գանգատներով: Անհապաղ ՀՎԿԱԿ-ի մեր մասնագետների կողմից իրականացվել է համաճարակաբանական հետազոտություն և նմուշառում: Գործընթացն ընթացքի մեջ է»,- հայտնեցին գերատեսչությունից, միաժամանակ հավելելով, որ ծանր դեպքեր չեն գրանցվել, հոսպիտալացվել է 5 քաղաքացի։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան՝ ժամը 19:00-ից սկսած, Բյուրեղավանում եղել են շտապօգնության բազմաթիվ կանչեր՝ փսխումներ, սրտխառնոց, ջերմություն, լուծ գանգատներով: Երեկոյան՝ ժամը 22:00-23:00-ի սահմաններում, նույն սիմպտոմատիկայով կանչերի թիվը հասել է 30-ի, ուստի պատասխանատուներն իրավիճակի մասին հայտնել են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն:
Այսօր էլ նույն գանգատներով դիմելիությունը պոլիկլինիկա շարունակվում է: Տարբեր հասցեներում ջրից նմուշառումներ են արվել: Նախքան նմուշառումների պատասխանը ստանալը Բյուրեղավանի համայնքապետարանը և պոլիկնինիկայի տնօրենը հորդորում են չօգտագործել ջուր կամ այն օգտագործել եռացնելուց հետո: