Շիրակ Գասպարյանը ծնվել է 1998 թվականի հունիսի 6-ին Տավուշի մարզի Աչաջուր համայնքում։ Սովորել է տեղի Հրանտ Թամրազյանի անունը կրող միջնակարգ դպրոցում։ Դեռ պատանեկան տարիներից նրա հետաքրքրությունների շրջանակում է եղել ֆուտբոլը և ոչ միայն սիրել է այդ սպորտաձևը և լավագույն ֆուտբոլիստների հաջողությունների ու նետած գնդակների թվերն է իմացել, այլ նաև զբաղվել է ֆուտբոլով և, բազմաթիվ հաջողություններ գրանցելով, հնարավորություն ձեռք բերել մասնակցելու Թբիլիսիում կայանալիք ընկերական մի շարք խաղերի։

 

Դպրոցական տարիներին աչքի է ընկել գերազանց առաջադիմությամբ և մեծ սեր է դրսևորել պատմության նկատմամբ։ Բարձրագույն կրթությունը ստացել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում՝ Պատմություն մասնագիտությամբ։

 

 

Ուսանողական տարիներին զբաղվել է ակտիվ հասարակական գործունեությամբ, նախագահել մասնաճյուղի Հումանիտար գիտությունների ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը, ապա եղել է կառույցի փոխնախագահը։ Մասնակցել է բազմաթիվ գիտաժողովների և բարձր պատվով ներկայացրել համալսարանը։

 

 

Շիրակը, ընթերցելուց բացի, սիրում էր նաև ստեղծագործել և իր բանաստեղծությունները նվիրում էր սիրելի մարդկանց։ Կրթությունը Իջևանի մասնաճյուղում ավարտելուց հետո պատրաստվում էր մեկնել Չեխիա՝ Կառլովի համալսարան, բայց ամենը կարելի էր իրականացնել հայրենիքին պարտքը տալուց հետո միայն։ Ծառայությունը անցկացրել է Ջրականում և սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին մասնակցել՝ լինելով ընդամենը երեքամսյա զորակոչված։

 

 

Շուրջ 11 օր համառ պայքար տանելով՝ կապը ընտանիքի անդամների հետ ընդհատվում է, և երբեք պատասխանատվությունից չփախչող զինվորն ընկնում է իսկական հերոսի մահով։

18 Հունվար, 2021 16:31
2987
; ;