Բոլոր մարդիկ ծնվում են հավասար իրավունքներով՝ թե հատուկ կարիքներ ունեցող և թե ոչ հաշմանդամություն ունեցողները, հետևաբար՝ պետությունը պարտավոր է անընդհատ քայլեր ձեռնարկել մատչելի միջավայր ապահովելու համար: Խնդիրը զգայուն է թե իրավական, թե էմոցիոնալ առումով: Աղետալի պատերազմից հետո հաշմանդամություն ունեցող անձնաց հիմնահարցերն ավելի քան ուշադրության կարիք ունեն:

 Տարիներ շարունակ հաշմանդամություն ունեցողների նկատմաբ ոչ հավասար պայմաններ են եղել, իսկ այսօր, պայմանավորված պատերազմի հետևանքներով, անձանց այդ թիվն աճել է:

Հարցի շուրջ խոսեցինք «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Հաշմանդամություն ունեցող երիտասարդների շահերի պաշտպան Արև Մելքոնյանի հետ:

Խնդրում եմ ներկայացնեք, թե ինչ խնդիրների են բախվում հաշմանդամության կարգ ունեցող քաղաքացիները:

 Խնդիրները բազմաթիվ են՝ կախված հաշմանդամությունից. օրինակ՝ ֆիզիկական հաշմանդամություն ունեցողների մասին երբ խոսենք, հիմնականում մատչելիության խնդրին ենք բախվում, իսկ մատչելիությունը գլոբալ մատչելիության հարցն է. դա կլինի տարածքային, տրանսպորտի, միջավայրի, ժամանցի վայրերի, ուսման կենտրոնների և ընդհանրապես մատչելիություն ասվածի:

 Իսկ նկատու՞մ եք փոփոխությունների միտում: Օրինակ՝ պատերազմից հետո մարդիկ պետական կառույցներում լծվա՞ծ են այդ հարցերը շտկելու գործին:

 Պատերազմից հետո դեռ երկար ժամանակ չի անցել, չգիտեմ, դեռ երևի շատ քիչ մասի մոտ են հաստատել հաշմանդամություն, բայց գիտենք, որ նույնիսկ հազարների են հասնում և հիմնականում ֆիզիկական հաշմանդամություն են ձեռք բերել, այս պահին միայն սոցիալական և ֆինանսական աջակցություն եմ տեսել կառավարության կողմից: Դեռ այնպիսի միտում չեմ տեսել, որ մտածում են հետայսու գոնե միջավայրի մատչելիության մասին: Չնայած հաշվի առնենք, որ Երևանի քաղաքապետարանը նոր ավտոբուսներ է ձեռք բերել և պատրաստվում է նորից ձեռք բերել, իսկ դրանք հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց:

 Ի՞նչ առաջարկներ ունեք:

Ես միշտ այս առաջարկն եմ անում, որ հաշմանդամություն ունեցող անձինք ամենալավը գիտեն՝ ինչ է իրենց հարկավոր: Պետք է համագործակցել վերջիններիս հետ: Հաշմանդամություն ունեցող անձանց պետք է հարցնել ինչ-որ բաներ նախաձեռնելիս, և կհամարձակվեմ ասել, որ տարեկան ֆինանսական ծախսերը նախատեսելիս, հաշմանդամություն ունեցող մարդիկ պետք է մասնակցեն գործընթացին: Իրենք պետք է ասեն՝ սա առաջնային է, իսկ սա կարող է ավելի ուշ լինել: Եզրափակեմ ասելով, որ հոգեբանական աջակցություն տրվում է, հիմա առաջնային է, որ արագացվի հաշմանդամություն տրամադրելու գործընթացը, որպեսզի հասկանանք՝ ինչի հետ գործ ունենք, որտեղ են ապրում նրանք, ինչ աջակցություն կարող ենք մենք տրամադրել, ինչ առաջնահերթ կարիքներ ունեն մանավանդ պատերազմից հետո հաշմանդամություն ձեռք բերած անձինք:

Հիմնական բանը, որ պետք է անել, այն է, որ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի այդ մարդկանց կյանքի որակը չփոխվի հաշմանդամություն ձեռք բերելուց հետո:

Հեղինակ՝ Ալինա Դավթյան

562