«Պետք է արձանագրել, որ պարոն Թորոսյանի պաշտոնավարման ընթացքում նախարարությունը մեր ամենաարդյունավետ գերատեսչություններից մեկն է եղել և, բնականաբար, այս պայմաններում քննադատության ամենամեծ չափաբաժնին է արժանացել, ինչն ինչ-որ տեղ բնական է: Սկսած 2018 թվականից՝ ոլորտում լայնածավալ բարեփոխումներ են իրականացվել: Կարևոր է արձանագրել, որ այդ բարեփոխումները եղել են մարդակենտրոն, այսինքն՝ նպատակը եղել է մարդկանց մատուցվող առողջապահական ծառայությունների որակի և շրջանակի ընդլայնումը, և մենք այդտեղ բավականին լուրջ փոփոխություններ ենք ունեցել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով առողջապահության արդեն նախկին նախարար Արսեն Թորոսյանին:

 

Վարչապետը նկատել է, որ 2020 թվականը հատկապես առողջապահության ոլորտի համար մեծ փորձությունների տարի է եղել՝ պայմանավորված կորոնավիրուսով և պատերազմով: «Ուզում եմ հատկապես հիշեցնել, որովհետև հիմա այդ դրվագի մասին, ըստ էության, մոռացվել է, որ կար ժամանակ, երբ մեզ կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում ի ցույց էին դնում այլ երկրներ, ասելով, որ ահա տեսեք, թե ինչպես է պետք պայքարել կորոնավիրուսի դեմ, դուք կորոնավիրուսի դեմ պայքարել չգիտեք:

 

Բայց մենք վստահ էինք, որ գնում ենք հավասարակշռված ճանապարհով: Հիմա, երբ մեր ասածն իրականության մեջ արդարացել է, մեզ այլևս ի ցույց չեն դնում այդ երկրները, ոչ էլ մեզ են ի ցույց դնում այդ երկրներին: Իհարկե, կորոնավիրուսն անկանխատեսելի բան է և, ըստ էության, կանխատեսումներն ամենատարբեր են, սկսած նրանից, որ կունենանք 3-րդ, 4-րդ, 5-րդ ալիք, վերջացրած նրանով, որ երևի թե պատվաստանյութը ժամանակին տեղ կհասնի, այն առումով, որ արդյունավետ կգտնվի»,- նշել է կառավարության ղեկավարը: Վարչապետի համոզմամբ՝ կառավարությունը պատվով է դիմակայել նոր տիպի կորոնավիրուսի համավարակին, և այսօր էլ միջազգային չափանիշներով ունենք կառավարելի իրավիճակ: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ գործադիրն այն կկարողանա պահպանել:

19 Հունվար, 2021 13:44
182
; ;