
«Ինչպես Դուք նշեցիք՝ մենք բավականին տարբեր ուղղություններով՝ և՛ բովանդակային, և՛ շրջանակային փոփոխություններ ենք փորձել իրականացնել: Այդ իմաստով էլ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ և ընդհանրապես կառավարությանը՝ մեր առաջարկները մեծամասամբ ընդունելու համար»: Այս մասին Արսեն Թորոսյանը ասաց ՀՀ վարչապետին և շնորհակալություն հայտնեց 2018 թվականի մայիսին առողջապահության նախարարի և ընդհանուր ոլորտի կառավարումն իրեն վստահելու համար:
«Մարդակենտրոն մոտեցումները, որոնք հիմնականում ծնվում էին կամ այս սրահում, կամ աշխատակազմում, իրականություն էին դառնում ու մեր բնակչությունը դրանից օգտվում էր՝ ստանալով բարձրորակ, ավելի որակյալ բուժօգնություն՝ ավելի լայն շրջանակներով: Նրանք հազարավոր մեր քաղաքացիներն են՝ սկսած երեխաներից, վերջացրած ամենատարեցներով, ու ես վստահ եմ, որ այս աշխատակազմը, այս թիմը, նոր նախարարի գլխավորությամբ, նույն տրամաբանությամբ և միգուցե ավելի լավ, ինչում ուրախ կլինեմ, կշարունակի այդ ճանապարհը»,- ասաց Արսեն Թորոսյանը:
Անդրադառնալով 2020-ի դժվարություններին՝ նախկին նախարարը առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց ԱՆ աշխատակազմին և նշեց, որ նա հաճախ ամիսների ընթացքում գիշերել է աշխատավայրում: «Դրա շնորհիվ է, որ այո, սկզբում շատ քննադատվելով, բայց, այնուամենայնիվ, ունենք կառավարելի վիճակ: Եվ եթե հիշում եք, այն տերմինը, որ մենք օգտագործում էինք՝ ապրել կորոնավիրուսի հետ, փաստացի իրականություն է դարձել: Այո, մենք ունենք տնտեսական սահմանափակումներ, վերջում էլ շատ բաներ մեղմեցինք: Պատվաստանյութի մասով էլ արդեն կան պայմանավորվածություններ և շուտով տարբեր խմբաքանակներ կներկրվեն Հայաստանի Հանրապետություն՝ փոքրից մինչև մի քանի հարյուր հազար»,- ասաց Արսեն Թորոսյանը: