Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վերջին շրջանում լայն քննարկման թեմա են դարձել «Տաշիր» հիմնադրամի շուրջ հրապարակումները, որոնց համաձայն՝ Սամվել Կարապետյանի «բարեգործական» միջոցների զգալի մասն ուղղվել է հենց իր սեփական ֆուտբոլային ակումբին՝ «Արարատ-Արմենիային»։ Սա բնական հարց է առաջացնում․ արդյո՞ք սրանք են այն հսկայական «բարեգործությունները», որոնց մասին տարիներ շարունակ խոսվել է, թե՞ իրականում գործ ունենք քաղաքական ազդեցության սեփական համակարգը ֆինանսավորելու փորձի հետ։ Շատերի համար վաղուց արդեն ակնհայտ է, որ «Արարատ-Արմենիան» Սամվել Կարապետյանի համար պարզապես ֆուտբոլային նախագիծ չէ։ Հատկապես այն պայմաններում, երբ քաղաքական դաշտում հեղինակությունը օրեցօր նվազում է, ֆուտբոլը կարող է դիտարկվել որպես զանգվածային ուշադրություն, հանրային համակրանք և միջազգային տեսանելիություն ապահովելու հարմար գործիք։
Չի մոռացվել այն դրվագը, երբ ամռանը՝ եվրագավաթային հանդիպումներից առաջ, ակումբի ամբողջ կազմը, ֆուտբոլիստները և նորանշանակ գլխավոր մարզիչը ներգրավվեցին քաղաքական բնույթի հայտարարությունների և ուղերձների տարածման մեջ։ Սա դարձավ ևս մեկ ապացույց, որ ակումբը պատրաստ է ֆուտբոլն ու ֆուտբոլիստներին օգտագործել ոչ միայն մարզական, այլև քաղաքական նպատակներով։ Այս ամենի ֆոնին ավելի սուր են դառնում հարցադրումները՝ ինչպիսի՞ մեթոդներով, ինչպիսի՞ ազդեցության միջավայրում և ինչպիսի՞ աջակցությամբ է ձևավորվում այդ ակումբի հաջողությունը հայկական ֆուտբոլում։ 2025/26 մրցաշրջանի ընթացքում հայկական ֆուտբոլում ստեղծվել է իրավիճակ, երբ առաջնության շուրջ քննարկվում է ոչ միայն խաղը, այլև այն միջավայրը, որը ձևավորվել է Սամվել Կարապետյանի ակումբի շուրջ։ Մրցաշրջանի տարբեր փուլերում մրցավարական որոշումների հետևանքով «Արարատ-Արմենիայի» անմիջական մրցակիցները կորցրել են կարևոր միավորներ, մինչդեռ նմանատիպ իրավիճակներում որոշումները հաճախ կայացվել են հենց Կարապետյանի ակումբի օգտին։ Ժամանակի ընթացքում սա այլևս չի ընկալվում որպես առանձին սխալների կամ պատահական դրվագների շարք։ Ավելի ու ավելի շատերի մոտ ձևավորվել է տպավորություն, որ խոսքը ամբողջ առաջնությունն ուղեկցող ընդհանուր պատկերի մասին է, որը լրջորեն վնասում է հայկական ֆուտբոլի նկատմամբ վստահությանը։ Հանրային անվստահությունը խորացել է նաև այն տեղեկությունների ֆոնին, որ մրցավարական համակարգում ղեկավար պաշտոն զբաղեցրած անձանցից մեկը նախկինում աշխատել է Կարապետյանի համակարգում և, ըստ շրջանառվող տեղեկությունների, ունեցել է նաև ֆինանսական կապեր ակումբի հետ։
Միևնույն ժամանակ, ֆուտբոլային միջավայրում բազմիցս խոսվել է այն մասին, որ VIP տրիբունաներից մրցավարների հասցեին հնչել են վիրավորանքներ և ճնշումներ այն դեպքերում, երբ որոշումները չեն եղել Սամվել Կարապետյանի ակումբի օգտին։ Սակայն նման վարքագիծը, ըստ էության, որևէ հետևանքի չի հանգեցրել։ Այս ամենի արդյունքում այս կիրակի Սամվել Կարապետյանի ակումբը կարող է վաղաժամ չեմպիոն դառնալ։ Հնարավոր չեմպիոնությունը հետագայում կարող է օգտագործվել ոչ միայն հայկական, այլև եվրոպական հարթակներում՝ քաղաքական ազդեցության և որոշակի օրակարգերի առաջմղման համար։ Առավել ևս այն պայմաններում, երբ քաղաքական դաշտում պարտություն կրած ուժի համար եվրոպական մրցաշարերն ու հատկապես Չեմպիոնների լիգայի հարթակը կարող են դառնալ քաղաքական ուղերձներ ներկայացնելու գործիք։