Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պետության, բանկային համակարգի, միջազգային գործընկերների և բիզնես համայնքի ներկայացուցիչները մեկ հարթակում՝ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման շուրջ մասնագիտական ու գործնական քննարկումների նպատակով։

 Այսօր Երևանում կայացավ Հայաստանի բանկերի միության, ՀՀ կենտրոնական բանկի և Գերմանահայկական հիմնադրամի համատեղ կազմակերպած «ՓՄՁ ոլորտ․ ազդեցություն և զարգացման մարտահրավերներ» թեմայով համաժողովը։

 Համաժողովի ընթացքում քննարկվեցին գերմանական KFW բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ Գերմանահայկական հիմնադրամի, ինչպես նաև ՀՀ առևտրային բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների միջոցով իրականացվող ծրագրերի ազդեցությունը Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վրա։

 Բացման խոսքով հանդես եկան ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ու Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։

 ՀԲՄ նախագահն իր ելույթում նշեց, որ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացումը Հայաստանի տնտեսական կայունության կարևոր հիմքերից է, իսկ նման ձևաչափով քննարկումները նպաստում են նոր բիզնես գաղափարների և համագործակցությունների ձևավորմանը։

 Համաժողովի շրջանակում տեղի ունեցան թեմատիկ պանելային քննարկումներ, որոնց ընթացքում անդրադարձ կատարվեց ՓՄՁ ոլորտի հիմնական մարտահրավերներին, ֆինանսավորման հասանելիության ընդլայնման հնարավորություններին, զարգացման ծրագրերի արդյունավետությանը, ինչպես նաև բիզնեսի և ֆինանսական կառույցների համագործակցության նոր ուղղություններին։

 Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև հաջողության պատմություններ, որոնք ձևավորվել են բանկային համակարգի և բիզնեսի համագործակցության արդյունքում՝ ցույց տալով, թե ինչպես կարող են տեղական և միջազգային գործընկեր կառույցների կողմից առաջարկվող ֆինանսական գործիքներն աջակցել Հայաստանում բիզնեսի զարգացմանն ու ընդլայնմանը։

348