Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ մայիսի 13-ին, ՀՀ ազգային հերոս, վաստակաշատ սրտային վիրաբույժ Հրայր Հովակիմյանի ծննդյան օրն է։ Նա առաջին բժիշկն է, որն արժանացել է Ազգային հերոսի կոչման՝ բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար։
Ավարտելով Հալեպի համալսարանի բժշկական ֆակուլտետը բժիշկ Հովակիմյանն անցել է մասնագիտական փայլուն ուղի՝ Հալեպից մինչև Նյու Յորքի, Օրեգոնի և Ֆիլադելֆիայի առաջատար հիվանդանոցներ, անդամակցում է արտասահմանյան հեղինակավոր ասոցիացիաների: Սակայն նրա մեծագույն ձեռքբերումը հայրենիքին նվիրվելն էր. 1993-ին «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում նա հիմնադրեց մանկական սրտավիրաբուժության բաժինը, իսկ 1996-ին՝ մեծահասակների բաժանմունքը։
Այս բացառիկ մարդը Հայաստանում երբեք աշխատավարձ չի ստացել և տասնամյակներ շարունակ աշխատել է բացառապես հասարակական հիմունքներով։ Չնայած իր բազում տիտղոսներին՝ նա անսահման համեստ է և խնդրում է իրեն կոչել պարզապես «բժիշկ Հրայր»՝ հավատացած լինելով, որ բժշկությունը ոչ թե մասնագիտություն է, այլ «մարդուն օգնելու բնազդ»։
Այսօր նրա հիմնադրած ժամանակակից կենտրոնում աշխատում է իր իսկ կրթած սրտի վիրաբույժների մի ամբողջ սերունդ։ Բժիշկ Հրայրն իրագործեց իր մեծագույն նպատակը՝ ապահովեց տաղանդավոր մասնագետների շարունակական հերթափոխը և ապացուցեց, որ Հայաստանն արժանի տեղ ունի սրտի վիրաբուժությունը զարգացրած առաջատար երկրների շարքում։
Araratnews-ը շնորհավորում է լեգենդար բժշկին ծննդյան տարեդարձի առթիվ, մաղթելով առողջություն և նորանոր կյանքեր փրկելու տոկունություն։