Երաժիշտների ընտանիքում ծնված, քանոնի ազգային հնչյունների ներքո հասակ առած Թամարայի ծնողներն իրենց հեռու երազներում անգամ չէին կարող պատկերացնել, որ փոքրիկ աղջնակը մի օր կարող է համալրել Հայկական բանակի շարքերը: Բայց արի ու տես՝ Թամարան դեռևս 11 տարի առաջ ընտրեց Հայրենիքի պաշտպանության՝ կնոջ համար թեև դժվար, բայց հպարտության արժանի գործը:

 

Թամարա Միքայելյանը ծնունդով Գավառից է: Ծառայում է Հատուկ նշանակության բրիգադում: Գաղտնիության նկատառումներից ելնելով՝ չենք հրապարակում Թամարայի զինվորական մասնագիտությունը:

 

Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից Թամարայի հետ որոշեցինք կապ հաստատել և Araratnews.am-ի ընթերցողներին պատմել կնոջ կամքի, պայքարի, ուժի և Հայրենիքի հանդեպ անեզր սիրո մասին: «Ես ծնվել եմ երաժիշտների ընտանիքում: Մայրս քանոնահարուհի է: Մեր ընտանիքում զինվորականներ չկան: Երբ  տարիներ առաջ լսեցի, որ հնարավորություն կա բանակում ծառայելու, շատ ուրախացա ու ինքս էլ դիմեցի: Հաջողվեց: Դարձա զինվորական,- պատմում է պատերազմն իր մաշկի վրա զգացած կինը` հաստատակամ ու հպարտորեն:- Երբ  որոշեցի զինվորական դառնալ, ընտանիքիս անդամները համաձայն չէին, նույնիսկ ինձ հետ երկար ժամանակ չէին խոսում: Շատ ծանր էին տանում: Միակ ոգևորողը  եղբայրս էր` Բաբկենը»:

 

Թամարան այսօրվա պես հիշում է սեպտերմբերի 27-ը: Քարվաճառում է եղել, ապա  Ջաբրայիլում, Հադրութում, հետո էլ Կուբաթլուում, որտեղ էլ բազկի հրազենային վիրավորում է ստացել:

 

Կին զինվորականը պատմում է, որ եղբայրն էլ, որպես կամավոր, կռվել է մարտի դաշտում: Իմանալով, որ քույրը ռազմաճակատում է՝ միանում է կամավորականներին և Քելբաջարում մինչև պատերազմի ավարտը մասնակցում ռազմական գործողություններին: «Թեև ինձ խոստացել էր, որ կմնա տանը, բայց... Ես այդ մասին իմացել եմ վիրավորվելուց հետո միայն: Մայրս պատմում էր, որ եղբայրս իր տեղը չէր գտնում: Ասել է` ես ամաչում եմ, ինչպես կարող եմ հանգիստ նստել, երբ քույրս կռիվ է տալիս թշնամու դեմ: Ես կգնամ, ինչքան հնարավոր է կպաշտպանեմ Հայրենիքս,- մի պահ շունչ է առնում Թամարան ու շարունակում պատմել: - Վիրավորվել եմ հոկտեմբերի 20-ին` Կուբաթլուում, զինակից ընկերոջս բուժօգնություն ցուցաբերելու ժամանակ: Մարտական ընկերս վիրավորվեց, հետո օգնության կանչեց ինձ: Հասցրեցի ներարկում անել, վիրակապել ու...»:

 

Վիրավորվելուց և առաջին բուժօգնություն ստանալուց հետո Թամարային տեղափոխել են Սիսիանի զինվորական հոսպիտալ, այնուհետև Մասիսի հիվանդանոց: Ասում է՝ զինվորական գործը չի խանգարել, որպեսզի սովորի նաև բուժօգնություն ցուցաբերելու կարևոր հմտությունները: Միևնույն ժամանակ շնորհակալություն է հայտնում բժիշկներին ու բուժաշխատողներին իրենց անձնուրաց աշխատանքի, հոգատարության, մայրական ջերմության համար. «Նրանց շնորհիվ ես արդեն շարք եմ վերադարձել և շարունակում եմ կատարել ինձ վստահված պարտականությունները»:

 

Թամարան պատերազմի մասին պատմում է զինվորականին բնորոշ  զգուշավորությամբ` չբացելով փակագծերը, բայց լավ է հիշում զինվորների արձագանքը, երբ առաջին անգամ կին էին տեսնում մարտադաշտում. «Երբ մարտի դաշտում զինվորները տեսնում էին, որ իրենց կողքին կին է կռվում, շատ էին ոգևորվում: Երբեք չեմ կարող մոռանալ տղերքի հուզմունքը, հրճվանքն ու ուրախությունը: Ինձ ասում էին` Թամար, մեռնեմ դուխիդ: Ինչ լավ է, որ դու կաս ու մեզ հետ ես: Ես էլ նրանց էի փորձում քաջալերել, ասում էի` մեռնեմ ձեր ջանին, տղերք ջան, չմտածեք, ախպերներս»:

 

Հատուկջոկատային, շարքային Թամարա Միքայելյանն ասում է, որ հակառակորդին բազմաթիվ կորուստներ են պատճառել: «Մենք թշնամու ահ ու սարսափն էինք դարձել: Բայց մեր ամենամեծ կորուստներից մեկը «Ազգային հերոս» Վահագն Ասատրյանն էր: Մի պահ նրա զոհվելուց հետո ամեն ինչ վերջացավ, բայց մենք կրկին ոտքի կանգնեցինք, քանի որ իր զինվորներն էինք ու գաղափարակից զինվորները; Կոտրելով  վիշտը՝ փորձեցինք կրկին ու կրկին ուժ հավաքել և վրեժխնդիր լինել թշնամուց»:

 

Հիշում է, թե ինչ կենաց-մահու մարտեր էին, թե ինչպես էին մարտական ընկերները` Իվանն ու Գոռը, մարտնչում թշնամու դեմ: Անգամ վիրավորվելուց հետո էլ բժիշկների հետ կռիվ էին անում, որպեսզի թույլատրեն ռազմաճակատ վերադառնալ: Ասում է, որ մարտի դաշտում աղջիկներ եղել են, և բոլորն էլ արդարացրել են իրենց:

 

Թամարան վաղուց ապրում է հանուն Հայրենիքի: Եվ թերևս սա է պատճառը, որ բոլոր նպատակները Հայրենիքի հետ են կապված: Անձնական կյանքը մի կողմ դրած՝ անձնուրաց նվիրվել է բանակին և հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Այսօր մի երազանք ունի` ժամանակավոր կորցրած Հայրենիքը հետ բերել, իսկ հայրենակիցներին հորդորում է չընկճվել. «Հայը երբեք չի պարտվում: Մեզ պարտված չեմ համարում, սա փորձություն էր, որպեսզի մենք վերարժևորենք, վերագտնենք ինքներս մեզ: Ճիշտ  է, անդառնալի է կորուստը, և սա բոլորիս ցավն ու կորուստն է: Նրանք մեր բոլորի որդիներն են, մեր բոլորի եղբայրները»,- խրամատում կանգնած զինվորի պես բղավում է Թամարան՝ հերոսածին մայրերին գոտեպնդելով ապրել, ապրել իրենց զավակների փոխարեն և հավատալ, որ հաղթանակը չի ուշանալու:

 

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր հավատարիմ մնացին իրենց երդմանը և մինչև վերջ անձնուրաց կռվեցին: Եթե մարդը հագել է համազգեստ, ուրեմն իր չափով արդեն իր պարտքը տվել է այս հողին: Թիկունքում մեր կողքին կանգնած մարդիկ, որոնք թեկուզ մեկ կոնֆետ են ուղարկել մարտի դաշտ, մեծ գործ են արել: Քանզի պատերազմի օրերին ազգս բանակ էր դարձել...»,- իր գոհունակությունն է հայտնում Թամարան՝ ասելով, որ մեր Հայրենիքը ամենալավն է, որ պետք է սիրենք, շատ սիրենք, ու զրույցն ավարտում  Նժդեհի խոսքով` Հայրենիքը սկսվում է հայրենասիրությամբ և սպառվում դրա պակասից:

 

Հայկ Մագոյան

 

 

 

 

11732