Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ինժեներական քաղաքում տեղի է ունեցել «Ինտտեգրալ Սոլյուշնս» ընկերության նոր տեխնոլոգիական կենտրոնի հիմնարկեքի արարողությունը։ Նախագիծը նախատեսում է կիսահաղորդիչների նախագծման և վավերացման ենթակառուցվածքների զարգացում, առնվազն 300 աշխատատեղի ստեղծում և Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի ոլորտի խթանում։ «Ինժեներական քաղաքում մայիսի 20-ին տեղի է ունեցել «Ինտտեգրալ Սոլյուշնս» ընկերության նոր տեխնոլոգիական կենտրոնի շինության հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը։ Շինության հիմքում խորհրդանշական պարկուճը տեղադրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, «Ինտտեգրալ Սոլյուշնս» ընկերության համահիմնադիրներ Արմեն Բալդրյանը և Էդուարդ Մուսայելյանը։ Շնորհավորելով ներկաներին հայաստանյան տեխնոլոգիական ոլորտում տեղի ունեցած այս նշանակալի իրադարձության կապակցությամբ՝ նախարարը նշել է, որ «Ինտտեգրալ Սոլյուշնս»-ի նոր ենթակառուցվածքը Ինժեներական քաղաքում կարելի է համարել հայկական գիտահետազոտական և փորձարարական կենտրոն՝ կիսահաղորդիչների նախագծման ոլորտում։

Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ կարևոր է, որպեսզի Հայաստանը ծառայություններ մատուցող և արտահանող երկրից աստիճանաբար վերածվի սեփական տեխնոլոգիական արտադրանք ստեղծող, այն համաշխարհային շուկային առաջարկող և արտահանող տարածաշրջանային տեխնոլոգիական հանգույցի։ Այս համատեքստում «Ինտտեգրալ Սոլյուշնս»-ի գործունեությունը լավագույնս համապատասխանում է ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությանը։ Նախարարն ընդգծել է նաև, որ նոր տեխնոլոգիական կենտրոնը կունենա զգալի ազդեցություն ամբողջ ինդուստրիայի վրա՝ նպաստելով կիսահաղորդիչների նախագծման և միկրոէլեկտրոնիկայի ոլորտների զարգացմանը։ Նրա խոսքով՝ «Ինտտեգրալ Սոլյուշնս»-ը կլինի Ինժեներական քաղաքի երկրորդ հատվածի կառուցապատման վերջին և ամենախոշոր ներդրում իրականացնող ընկերություններից մեկը։ Նախարարը հավելել է, որ այս փուլով Ինժեներական քաղաքը թևակոխում է զարգացման նոր շրջան, երբ շինարարական աշխատանքներին փոխարինելու են արտադրական, ինժեներական և ստեղծարար գործընթացները։
