Կառավարության կողմից իր պարտավորությունների կատարումը տեղի է ունենում ժամանակին, պատերազմից հետո սոցիալական վճարների, կենսաթոշակների ու աշխատավարձերի խնդիրներ չեն եղել, չնայած որ հետպատերազմյան շրջանում դա լրացուցիչ բեռ է բյուջեի վրա։ Lragir.am-ի հետ զրույցում այս մասին ասել է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։

Որոշ տնտեսագիտական կանխատեսումներով՝ գարնանից Հայաստանում թոշակների ու նպաստների խնդիրներ կարող են առաջանալ։

«Եթե մասնագիտական քննարկում է, կարելի է քննարկել ու այդ մարդկանց հուշել, որպեսզի այդ մարդիկ ուղղակի այդ թվերը նայեն։ Նման մասնագիտական եզրակացություն անելու համար պետք է տիրապետել թվերին։ Եթե քաղաքական ինչ-ինչ նկատառումներից ելնելով է դա ասվում, ես կարող եմ հասկանալ»,- ասաց տնտեսագետը։

Խաչատրյանի խոսքով՝ ավելի վաղ էլ կային կանխատեսումներ, որ սեպտեմբերին Հայաստանում պետք է սով լիներ։ «Այդտեղ որևէ հաշվարկ չկար։ Նույնիսկ կորոնավիրուսի հարցով էլ երբ քաղաքական նկատառումներից ելնելով պահանջներ են բարձրացնում, մասնագիտական գնահատականներ դարձյալ չկային»,- հավելեց նա։

Վահագն Խաչատրյանը նշում է, որ այսօր Հայաստանում ֆինանսական շուկայում ու սոցիալական վճարումների առումով խնդիրներ դեռևս չկան։ «Այդ խնդիրները կարող են լինել ավելի ուշ, եթե տնտեսության մեջ զարգացման գործոնն ավելի մեծ դեր չունենա։ Այսինքն՝ ես նկատի ունեմ, որ կառավարությունը հիմա ամեն ինչ պետք է անի, որ անպայման շեշտը դրվի զարգանալու, տնտեսությունը մեծացնելու խնդրի վրա։ Պետք է գտնեն այն ճյուղերն ու բնագավառները, որտեղ դրանք անմիջապես իրենց դրսևորումը կունենան։ Դրանք կարող են լինել նույն գյուղատնտեսության, շինարարության, առևտրի, սպասարկման, ծառայությունների ոլորտները։ Բայց մի բան էլ կա, որ առաջիկա երեք ամիսներին պաշտոնական անկման թվերի տենդենցը դեռևս շարունակվելու է, որովհետև նախորդ տարվա առաջին երեք ամիսը բավական հաջող ամիսներ են եղել։ Պետք է ռեսուրսներն ուղղել այնտեղ, որտեղ տնտեսության աճ կապահովվի, և զարգացում կլինի»,- նշեց նա։

Ըստ Վահագն Խաչատրյանի՝ ովքեր պատասխանատու են այս աշխատանքների համար, իրենք էլ են շատ լավ գիտակցում խնդրի բարդությունը։ Այս տարի և առաջիկա երեք տարիներին, ըստ տնտեսագետի, հեշտ խնդիրներ չեն լինելու։ Հետևաբար՝ հեշտ լուծումներ ևս չեն լինելու, ոչ ստանդարտ լուծումներ են պետք։

Շարունակությունը՝ սկզբանղբյուր կայքում

433