Ես, քանի որ դատարանների անկախության, դատարանների նշանակության իմ տեսլականի մասին շատ եմ խոսել այդ հանդիպումների ընթացքում, այսօր իմ ելույթի առաջին մասը ուզում եմ նվիրել ԲԴԽ մի շարք խնդիրներին: Այսօր ԱԺ-ում իր ելույթն այսպես սկսեց ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը, հայտարարելով, որ ՀՀ Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ ԲԴԽ հիմնական առաքելությունը դատարանների և դատավորների անկախության երաշխավորումն է: Այստեղից հետևում է, որ այդ անկախության երաշխավորող մարմինն ինքը նախ և առաջ պետք է լինի անկախ, գործի անկախ, որպեսզի կարողանա երաշխավորել թե դատարանների և թե դատավորների անկախությունը:

 

«ԲԴԽ անդամի թեկնածուն արձանագրում է` սահմանադրական մակարդակում հռչակվում է ԲԴԽ անկախ պետական մարմին լինելու հանգամանքը: Բացի այդ, ԲԴԽ անդամները, ընտրվելով թե դատավորների ընդհանուր ժողովի և թե Ազգային ժողովի կողմից, հաշվետու չեն իրենց ընտրող մարմիններին: Դրանով իսկ անկախ են և գործում են ակախ: Հավելենք, որ ԲԴԽ բոլոր անդամները ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի աշխատավարձին համապատասխան աշխատավարձ  են ստանում, ինչը բավականին բարձր վարձատրություն է: Առանց ԲԴԽ համաձայնության՝ չեն կարող ենթարկվել քրեական հետապնդման և կալանավորվել: ԲԴԽ անդամների կարգապահական պատասխանատվության և պաշտոնից ազատման հարթեցման օրենսդրական գործընթացներ են նախատեսված և այլն, և այլն»,- ասաց Ջհանգիրյանը:

 

ԲԴԽ անդամի թեկնածուի խոսքով` ի տարբերություն ԲԴԽ նախատիպը հանդիսացող նախորդ արդարադատության խորհուրդների, որոնցում դատավոր անդամները ճնշող մեծամասնություն էին կազմում` դատախազ անդամների, իրավաբան անդամների համեմատ, գործող Սահմանադրությամբ՝  ԲԴԽ խորհրդում դատավոր անդամների և իրավաբանների պարիտետ է սահմանված: «Եվ քանի որ ԲԴԽ որոշումների բացարձակ մեծամասնությունը ընդունվում է ձայների կեսից ավելիով, թե դատավոր և թե իրավաբան անդամներին միշտ անհրաժեշտ է լինում մյուս կեսի թեկուզ  մեկ անդամի աջակցությունը, ինչը ԲԴԽ որոշումների ներքին հակակշռման լուրջ մեխանիզմ է և վկայում է այն մասին, որ դատավորների հանրույթի խմբակային կորպորատիվ շահերը միշտ հակակշռված, զսպված են տեսաբաններ  իրավաբանների հանրությունը ներկայացնող անդամների կարծիքներով, և հակառակը»:

 

Ջագիկ Ջհանգիրյանը պակաս կարևոր չի համարում նաև այն հանգամանքը, որ դատական օրենսգիրքը գիտնական անդամների համար քաղաքական կուսակցության արգելք է նախատեսում: «Բացի կառուցվածքից՝ ներկա ԲԴԽ-ը մեկ շատ կարևոր հանգամանքով ևս տարբերվում է իր նախատիպերից: Այն չի գլխավորվում ոչ ՀՀ նախագահի, ոչ գործադիր և դատական իշխանության որևէ պաշտոնյայի կողմից, ինչը հավելյալ անկախության երաշխիք է, առավել ևս, որ այդ մարմնի ձևավորած  դատավորների նշանակման, առաջխաղացման և այլ առաջարկություններն ըստ էության, ինքնաբերաբար, ավտոմատ հաստատվում են ՀՀ նախագահի կողմից, եթե դրանք ֆորմալ տեսակետից բավարարում են դատական օրենսգրքի պահանջները»: 

 

Ջհանգիրյանը նկատեց, որ վերը նշվածից հետևում է, որ ԲԴԽ անկախության սահմանադրական և օրենսդրական երաշխիքները կարծես  թե բավարար են այդ մարմնի անկախ գործունեությունը ապահովելու համար: «Ունենալով դատարանների ու դատավորների անկախության ապահովմանը կոչված՝ վերը թվարկված սահմանադրական և օրենսդրական լայն երաշխիքներ ու գործառույթներ, այդ թվում՝ ինչպես դատավորների նշանակումն ու առաջխաղաղացումն ապահովող, այնպես էլ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու, ընդհուպ զբաղեցրած պաշտոնից ազատելու լրջագույն լիազորություն, արդյոք այդ մարմինն ինքնաբերաբար իրավունք չի բերում կամ չի գայթակղվում ներազդել դատարանների կողմից կայացվող որոշումների վրա: Թե՞ այդ ներազդեցությունը բացառվում է էթիկական, կարգապահական կամ քրեաիրավաբանական արգելող ներմերով միայն: Թե՞ փաստացի ինչպիսի վիճակ էլ ունենք այս հարցում, դա մեր հասարակության, հասարակական ու քաղաքական հատվածների և նաև ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի ու անհատների գնահատման խնդիրն է»,- իր ելույթի առաջին հատվածում ասաց Գագիկ Ջհանգիրյանը:

 

Հայկ Մագոյան

331