Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում, որում ասվում է, որ Արցախում խոր ափսոսանքով են ընդունել Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ազատվելու լուրը:

«Ավելի քան երեք տասնամյակ հայրենանվեր առաքելություն իրականացնելով Արցախում՝ Պարգև Սրբազանը դարձել է սեփական հողի վրա ազատ ու խաղաղ ապրելու և արարելու, ազգային ինքնության և հավատքի պահպանման ու ամրապնդման համար պայքարող հայ ժողովրդի, դարեր շարունակ մաքառող ու վերածնված Արցախի խորհրդանիշը:

 

Մեծ հայրենասերի ու հայի այդ կերպարը հենց այդպես էլ կմնա մեր նորագույն պատմության հերոսական էջերում և յուրաքանչյուր հայի սրտում:

 

Սրբազա՛ն Հայր,

 

Թույլ տվեք մեր հավատավոր ժողովրդի և անձամբ իմ անունից Ձեզ հայտնել խորին հարգանացս հավաստիքը և երախտագիտության ու բարեմաղթանքի ամենաջերմ ու անկեղծ խոսքերը: Արևշատություն, քաջառողջություն ու ամենայն բարիք Ձեզ: Թող Աստծո լույսն ու զորությունը միշտ ուղեկցեն Ձեզ:

 

Վստահ եմ՝ Արցախը միշտ կլինի Ձեր հոգում, աղոթքներում ու գործերում, որտեղ էլ որ լինեք»,- գրել է Արցախի նախագահը:

 

945