Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ 

Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) 2026 թվականի հունիսի 3-ից 8-ը Հայաստանի մայրաքաղաք Երևան էր գործուղել յոթ երկրների միջազգային ընտրական դիտորդներից կազմված պատվիրակություն՝ գնահատելու հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների ընթացքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացվեցին առաքելության հիմնական դիտարկումները, նախնական եզրակացությունները և առաջարկությունները։

Պատվիրակությունը, որի ղեկավարն էր Փիթեր Ռոսկամ՝ ԱՄՆ-ի Իլինոյս նահանգից նախկին հանրապետական կոնգրեսականը և Ազգային ժողովրդավարության հիմնադրամի (NED) նախագահը, հանդիպումներ է ունեցել շահագրգիռ կողմերի լայն շրջանակի հետ, այդ թվում՝ ընտրական մարմինների, իշխանական և ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների, քաղաքհասարակության ներկայացուցիչների, լրագրողների, դիվանագիտական առաքելությունների և ընտրությունների կազմակերպման ու անցկացման գործում ներգրավված պետական կառույցների ներկայացուցիչների հետ։

«Քվեարկության օրը ընտրական գործընթացն անցել է հանգիստ և կազմակերպված պայմաններում։ Մենք ողջունում ենք ընտրական հանձնաժողովների աշխատանքը, որոնք ապահովել են վստահելի և թափանցիկ ընտրական գործընթաց։ Առաջիկայում պաշտոնատար անձանց խորհուրդ ենք տալիս շարունակել ընտրակաշառքի սխեմաների դեմ պայքարի և քաղաքական գործունեության ֆինանսավորման թափանցիկության բարձրացման ուղղությամբ ջանքերը. այս երկու ուղղություններն էլ կնպաստեն Հայաստանի ժողովրդավարական նպատակների հետագա առաջընթացին», — հայտարարել է Ռոսկամը։

Պատվիրակությունը կշարունակի հետևել հետընտրական զարգացումներին և առաջիկա շաբաթներին կհրապարակի վերջնական, համապարփակ զեկույց, որը կներառի խորքային վերլուծություն և առաջարկություններ՝ ապագայում ընտրությունների կազմակերպման և անցկացման բարելավման նպատակով։

Լուսանկարը՝ Armenpress-ի։

82