Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ ՔՊ պատգամավոր Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել.
«Մատչելի խորհրդարաններից դեպի ներառական հասարակություն
Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի մասնակից պետությունների 19-րդ կոնֆերանսի (COSP19) շրջանակում, ելույթ եմ ունեցել «Քաղաքական մասնակցության խթանում. մատչելի խորհրդարանները՝ որպես հաշմանդամություն ունեցող անձանց ներառման շարժիչ ուժ» խորագրով հարակից միջոցառմանը։
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Կատրին Լանգենզիպենի, Միջխորհրդարանական միության ներկայացուցիչ Ալեսանդրո Մոտերի, Fight for Right Ukraine կազմակերպության ներկայացուցիչ Իրինա Տեկուչովայի, Մոնտենեգրոյի հաշմանդամություն ունեցող երիտասարդների ասոցիացիայի ներկայացուցիչ Մարինա Վույաչիչի, ինչպես նաև ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ODIHR) ներկայացուցիչ Լիզա Յակոբսենի հետ միասին քննարկել ենք այն գործնական բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են քաղաքական ինստիտուտներն ավելի մատչելի ու ներառական դարձնելու համար։
Քննարկման ընթացքում ներկայացրել եմ հիմնական ուղղությունները, որոնք անհրաժեշտ եմ համարում հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական ներառումն ապահովելու համար։ Մասնավորապես շեշտել եմ, որ իրական փոփոխությունները սկսվում են որոշումների կայացման հարթակներում մեր ներկայությունից։ Անդրադարձել եմ նաև Հայաստանի փորձին՝ կարևորելով Կոնվենցիայի սկզբունքների վրա հիմնված ազգային օրենսդրությունը, որը երաշխավորում է հավասար հիմունքներով ընտրելու և ընտրվելու իրավունքը։
Միևնույն ժամանակ ընդգծել եմ, որ միայն օրենքներն ու մատչելի շենքերը բավարար չեն․ հետխորհրդային շատ երկրներում դեռևս պետք է կոտրել այն մտածելակերպը, երբ որոշումները կայացվում են «մեր փոխարեն, այլ ոչ թե մեզ հետ միասին»։ Իսկ դրա համար անհրաժեշտ է հետևողականորեն բարձրացնել պետական պաշտոնյաների ու խորհրդարանի աշխատակազմի իրազեկվածությունը, որպեսզի իրավական հանձնառությունները դառնան իրական, գործնական քայլեր»։