Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն՝ մասնակցելու 2026 թվականի հունիսի 20-28-ը Լոնդոնում անցկացվող «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» (London Climate Action Week – LCAW) համաշխարհային կոնգրեսին։

LCAW-ը համարվում է կլիմայական քաղաքականության, ֆինանսավորման և նորարարության ոլորտի ամենաազդեցիկ միջազգային հարթակներից մեկը՝ համախմբելով քաղաքական առաջնորդների, միջազգային կազմակերպությունների, ֆինանսական կառույցների, գիտահետազոտական կենտրոնների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների։

Այցի շրջանակում նախարարը կմասնակցի Կլիմայական քաղաքականության վիճակի մասին երկրորդ ամենամյա համաժողովին, որը կազմակերպում է «E3G» միջազգային հետազոտական կենտրոնը, ինչպես նաև մի շարք բարձր մակարդակի ֆորումների, գագաթաժողովների և թեմատիկ քննարկումների։

Մասնավորապես, նախատեսված են մասնակցություններ Կլիմայի նորարարական ֆորումին, Բնության օրվա միջոցառումներին, «Հնարավորությունների գագաթաժողովին», կլիմայական ֆինանսավորմանը, ածխածնային չեզոքությանը, կլիմայական կայունությանը և ռիսկերի նվազեցմանը նվիրված քննարկումներին։

Ծրագրում ներառված են նաև կլիմայի և առողջապահության փոխկապակցվածության, կլիմայի և զարգացման ֆինանսավորման, ինչպես նաև կլիմայական կառավարման հարցերին վերաբերող միջոցառումներ։

«Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթը» Հայաստանի համար կարևոր հնարավորություն է՝ ներկայացնելու երկրի կլիմայական օրակարգը, զարգացնելու միջազգային համագործակցությունը և խթանելու ֆինանսական, տեխնոլոգիական ու քաղաքական աջակցության ներգրավումը բնապահպանական և կլիմայական նախաձեռնությունների իրականացման համար։

85