Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսրայելի կառավարությունը հունիսի 28-ին պաշտոնապես քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օգտին՝ հավանություն տալով արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի կողմից անցած շաբաթ ներկայացված բանաձևի նախագծին։ Գրում է The Jerusalem Post-ը։
«Երբեք ուշ չէ ճիշտ քայլն անելու համար»,- քվեարկությունից հետո հայտարարել է Սաարը։
Բանաձևն այժմ ներկայացվելու է Իսրայելի խորհդարան՝ Կնեսետի լիագումար նիստ՝ վերջնական քվեարկության։
«Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության ճանաչումը թե՛ բարոյական, թե՛ պատմական պարտականություն է։ Մենք պետք է նաև վճռականորեն դատապարտենք պատմական ճշմարտության ցանկացած ժխտում, նսեմացում կամ խեղաթյուրում»,- հինգշաբթի X-ի իր գրառմամբ նշել էր Սաարը՝ հայտարարելով բանաձևի ներկայացման մասին։
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը ևս իր հայտարարության մեջ նշել է, որ թեև Հայոց ցեղասպանությունը լայնորեն փաստագրված է, այն ենթարկվել է «ինստիտուցիոնալացված ժխտման և նսեմացման արշավի», որի գլխավոր նախաձեռնողը Թուրքիան է։